«Հաղթանակն Ուկրաինայինն է». Թբիլիսիից Կիևին՝ համերաշխություն

Երկու տարի առաջ այս օրը՝ 2022 թվականի փետրվարի 24-ին, Ռուսաստանն Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմ սկսեց: Երկու տարի շարունակվող պատերազմի տարելիցին պաշտոնական Թբիլիսին շարունակում է համերաշխություն հայտնել եղբայրական ուկրաինացի ժողովրդին:

Պատերազմի երկրորդ տարելիցին արձագանքել են Վրաստանի նախագահը, վարչապետը, ԱԳՆ-ն, խորհրդարանի նախագահը և այլք:

«Հաղթանակը ձերն է». Զուրաբիշվիլին՝ ուկրաինացիներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղերձ է հղել Ուկրաինա` Ռուսաստանի լայնածավալ ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ։

«Երկու տարի… երկու տարի անցավ, բայց Ռուսաստանը չհաղթեց։ Ռուսաստանին չհաջողվեց կոտրել Ուկրաինան և ձեր ուժը: Ռուսաստանը չկարողացավ մասնատել Եվրոպան և բաժանել Եվրոպան ձեզանից: Ձեր նկատմամբ համերաշխությունը միահամուռ է, աջակցությունը՝ տեսանելի, իսկ հաջողությունն ու հաղթանակը ձերն է»,- ասել է նախագահը։

Թբիլիսին հաստատակամորեն կանգնած է բարեկամ ուկրաինացի ժողովրդի կողքին. վարչապետ Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ուկրաինային մաղթել է խաղաղություն, ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն։ Ըստ նրա՝ ուղիղ 2 տարի առաջ «մեծ անարդարություն կատարվեց մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»։

«Ռուսաստանի ռազմական ագրեսիան սպանել է տասնյակ հազարավոր ուկրաինացիների, այդ թվում՝ հարյուրավոր երեխաների, ավելի քան 10 միլիոն մարդ դարձել է փախստական ​​կամ տեղահանված, ոչնչացրել է երկրի տնտեսությունն ու ենթակառուցվածքները, գրավել Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը։ Պատերազմն ամեն օր զոհեր ու ավերածություններ է բերում, և դա պետք է ավարտվի։

Վրաստանը հաստատակամորեն կանգնած է բարեկամ ուկրաինացի ժողովրդի կողքին, որն արտահայտվում է ոչ միայն խոսքերով, այլև ուժեղ քաղաքական և հումանիտար աջակցությամբ։ Մեր բարեկամ ուկրաինացի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, ինքնիշխանություն և տարածքային ամբողջականություն»,- ասել է վարչապետը:

Հաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը. ԱԳՆ

«Մենք հաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հայտարարության մեջ:

Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ «միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների ու նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտմամբ՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից երկու տարի է անցել». «Պատերազմը բազմաթիվ կյանքեր խլեց, միլիոնավոր մարդիկ տեղահանվեցին: Վրաստանի անունից մենք հաստատում ենք մեր անսասան աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Վրաստանը կանգնած է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի կողքին»:

Վրաստանն աջակցում է ուկրաինացի ժողովրդին. խորհրդարանի նախագահ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով, երկու տարի աշխարհը հետևում է Եվրոպայի սրտում ընթացող դաժան պատերազմին, որը հանգեցրել է տասնյակ հազարավոր զոհերի ու ավերածությունների:

Պապուաշվիլին ասել է. «Մենք բարձրացնում ենք մեր ձայնը՝ պաշտպանելու ուկրաինացի ժողովրդին, և բոլոր միջազգային հարթակներից Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական միջամտությունն ուկրաինական հողում»։ Նրա խոսքով, ուկրաինացի ժողովրդի նվիրումն իր ազատության և անկախության պաշտպանությանը մեծ պայքարի օրինակ է։

«Վրաստանն աջակցում է ուկրաինացի ժողովրդին այս անհավասար պատերազմում։ Այդ իսկ պատճառով այս սարսափելի պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Վրաստանը բոլոր քաղաքական հարթակներում անվերապահորեն աջակցեց Ուկրաինային՝ չնայած այն ռիսկերին, որ մեր երկիրն ուներ և ունի անվտանգության առումով։ Մենք բարձրացնում ենք մեր ձայնը՝ պաշտպանելու ուկրաինացի ժողովրդին, և բոլոր միջազգային հարթակներից Ռուսաստանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական միջամտությունն ուկրաինական հողում։ Մենք ուզում ենք կոչ անել քաղաքակիրթ աշխարհին, նրանց, ովքեր ուժ ունեն ազդելու այս արյունալի առճակատման դադարեցման վրա, ջանք չխնայել և գործել ի շահ Ուկրաինայի»,- գրել է Պապուաշվիլին։

Հիշեցնենք. երկու տարի առաջ Ռուսաստանը լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսեց Ուկրաինայի դեմ։ Կրեմլում սա կոչվում է «հատուկ ռազմական գործողություն», ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով Ուկրաինայում զոհվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ։

Երկու տարվա պատերազմից հետո Մոսկվային հաջողվեց գրավել Ուկրաինայի տարածքի մի մասը և 2022 թվականի «հանրաքվեներից» հետո Ուկրաինայի մի քանի շրջաններ հայտարարեց իր տարածքը, թեև պատերազմի ընթացքում Մոսկվան նահանջել է բազմաթիվ ուղղություններից, օրինակ՝ Կիևից և Խարկովից։