Փլուզված շենքի բնակիչներին բնակարաններ կտրվի . կառավարությունը 65 բնակարան է խնդրում քաղաքապետարանից

Աջարիայի կառավարությունը Բաթումիի քաղաքապետարանից պահանջում է քաղաքապետարանին պատկանող բնակարանները` Մայիսի 26-ի փողոցում տուժածներին տալու նպատակով. ընդհանուր պահանջվում է 65 բնակարան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած փլուզման հետևանքով շենքի բնակիչները չեն կարողանում մտնել իրենց տներ։ Թեև փլուզված մուտքում 15 ընտանիք է բնակվել, սակայն մյուս մուտքերի բնակիչներին նույնպես դեռևս խորհուրդ չի տրվում մնալ տներում. հավանական է, որ շենքի կանգուն մնացած հատվածը կարող է անվտանգ չլինել: Փորձագետներն աշխատում են դա պարզելու ուղղությամբ։

Բաթումիի քաղաքապետարանի տվյալներով` առանց բնակարանների մնացած ընտանիքներից միայն 23 ընտանիք է օգտվել քաղաքապետարանի օգնությունից, նրանց տեղավորել են հյուրանոցներում։ Մյուս ընտանիքները տեղափոխվել են հարազատների տներ կամ այլընտրանքային տարածքներ։

Հոկտեմբերի 12-ին Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիզվաձեն դիմել է Բաթումիի քաղաքապետարան՝ պահանջելով քաղաքապետարանին պատկանող բնակարանները հանձնել Մայիսի 26-ի փողոցում փլուզման հետևանքով տուժած ընտանիքներին:

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր