Վրաց Ուղղափառ եկեղեցին այսօր տոնում է Սվետիցխովլոբան

Հոկտեմբերի 14-ին Վրաստանում նշվում է Սվետիցխովլոբան (Մցխեթոբան): Պատրիարքարանի հաղորդմամբ, Սվետիցխովլոբայի տոնի առթիվ հանդիսավոր արարողություն կանցկացվի Սվետիցխովելիի մայր տաճարում:

Սվետիցխովլոբայի տոնը կարևորագույն տոներից մեկն է Վրաստանում, որը նշվում է տարին երկու անգամ՝ հոկտեմբերի 14-ին և հուլիսի 13-ին: Այս օրը նշվում է Մցխեթա քաղաքի տոնը: Տոնակատարության կապակցությամբ Մցխեթայում հավաքվում են հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ, այնտեղ անցկացվում են համերգներ և տոնավաճառներ:

Մցխեթա քաղաքում գտնվող Սվետիցխովելիի եկեղեցին վրաց ուղղափառ եկեղեցու կենտրոնն է, մայր տաճարը, որը նաև համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի նստելավայրն է: Պատմական աղբյուրներում նշվում է, որ հենց այստեղ են թաղված եղել Քրիստոսի հանդերձները:

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր