Ռուսաստանի՝ Աբխազիայի և Հվ.Օսիայի հետ Վրաստանի սահմանազատման կոչն անընդունելի է. ԱԳՆ

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե Մոսկվան Ժնևի բանակցությունների շրջանակներում Թբիլիսիին, Սոխումին և Ցխինվալիին կոչ է անում սկսել սահմանազատման (դելիմիտացիա-դեմարկացիա) գործընթացը:

«Ժնևի բանակցությունների մասնակիցների մեծ մասի կարծիքով իրավիճակը վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական սահմանների շուրջ մնում է համեմատաբար կայուն: Տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար ռուսական կողմն առաջարկում է սկսել Վրաստան-Աբխազիա և Վրաստան-Հարավային Օսիա սահմանների սահմանազատման գործընթաց: Մոսկվան այդ գործընթացում աջակցում է Սոխումիին և Ցխինվալիին», — ասվում է Ռուսաստանի կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմի հայտարարությանն անմիջապես արձագանքել է վրացական կողմը: Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե շփման գծի վերաբերյալ Մոսկվայի անօրինական հայտարարությունները բոլորովին անընդունելի են վրացական կողմի համար:

«Քննարկման հիմնական թեմաներից էր Ռուսաստանի կողմից 2008 թվականի օգոստոսի 12-ին ԵՄ միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագրի չիրականացումը, օկուպացված տարածքների լայնածավալ ռազմականացում, անօրինական զորավարժություններն ու Վրաստանի օդային տարածքի խախտումները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության ներկայացուցիչների կողմից փշալարերի անցկացումն ու պատնեշների կառուցումը: Վրաստանի ներկայացուցիչների կարծիքով, այսպես կոչված օկուպացիոն գծի վերաբերյալ Մոսկվայի անօրինական հայտարարությունները լիովին անընդունելի են: Այս հարցի միակ լուծումը վրացական տարածքների ապաշրջափակումն է», — ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ Մոսկվան իր հայտարարության մեջ անդրադարձել է ՆԱՏՕ-ի դերին. «Ռուսաստանը և նրա աբխազ և օս դաշնակիցները համոզված են, որ Հարավային Կովկասի անվտանգությունը մնում է Ժնևի ձևաչափի գերակա առաջնահերթություն: Այս ռազմավարական նպատակին հասնելու համար անհրաժեշտ է կենտրոնանալ` մի կողմից Վրաստանի, իսկ մյուս կողմից՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ կրակի չօգտագործման վերաբերյալ իրավականորեն պարտադիր պայմանագրի կնքման վրա: Այս առաջադրանքի հրատապությունը մեծանում է Թբիլիսիին ՆԱՏՕ մտնելու՝ Արևմուտքի ակտիվ ջանքերի ֆոնին, ինչի վկայությունն են անմիջապես Վրաստանի տարածքում անցկացված զորավարժությունները, այդ թվում՝ «Ուժեղ ոգի — 2021» (Nobel Partners) բազմազգ զորավարժությունները», — ասված է ՌԴ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի 2021 թվականի դեկտեմբերի 7-8-ին: