Այսօրվանից սկսվում է Իսրայելում աշխատելու համար գրանցումը

Այսօրվանից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն գրանցվել հատուկ՝ https://workabroad.moh.gov.ge/ հարթակում` օրինական հիմքերով Իսրայելում աշխատելու համար:

Ներկա փուլում Իսրայելը Վրաստանից աշխատանք փնտրողներին առաջարկում է երկարաժամկետ խնամքի հաստատություններում օգնականի հաստիք: Ցանկացողների համար գրանցումն սկսվում է այսօրվանից հատուկ հարթակում և հասանելի է լինելու ողջ տարվա ընթացքում: Այն քաղաքացիները, որոնց դիմումներին դրական պատասխան լինի, հնարավորություն կստանան մեկ տարի օրինական ապրել ու աշխատել Իսրայելում: Թել-Ավիվը պատրաստ է 1000 աշխատող ընդունել Վրաստանից:

Երկարաժամկետ խնամքի համակարգը կոմպլեքս աջակցության ծրագիր է` տարեց և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ կորցրել են իրենց մասին հոգ տանելու հնարավորությունը:  Համակարգը ներառում է ընտանեկան խնամքի, սոցիալական ծառայությունների և բժշկական խնամքի աջակցություն տանը:

Աշխատանքի տևողությունը շաբաթական 6 աշխատանքային օր է, լրիվ դրույքով: Շաբաթական 42-ժամյա աշխատանքային գրաֆիկով ամսական աշխատավարձը կազմում է 5300 շեկել (ապրիլի 12-ի դրությամբ մոտավորապես 1610 դոլար):

Դիմողը պետք է լինի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, ունենա պետության կողմից ճանաչված տնային բժշկական օգնության/խնամքի վերապատրաստման դիպլոմ/վկայական կամ բուժքրոջ/բուժքրոջ օգնականի դիպլոմ, ինչպես նաև տիրապետի  անգլերեն կամ ռուսերեն լեզուների խոսակցական մակարդակի:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 1505 թեժ գծով: