ԱՄՆ-ն անհամբեր սպասում է Վրաստանի՝ ՆԱՏՕ մտնելուն. Մայք Պոմպեո

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս աջակցում է 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը: Հիշեցնենք, որ այս օրերին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ տեղի է ունեցել Պոմպեոյի հետ հանդիպումը։

«Մեր որոշումն անսասան է: Նախագահ Թրամփը հաստատակամորեն աջակցում է 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշմանը և ԱՄՆ-ն ակնկալում է, որ Վրաստանը մի օր ՆԱՏՕ-ի կազմի մեջ կմտնի: Հանդիպումների ընթացքում մենք կքննարկենք ազգային անվտանգության, տնտեսական աճի և ժողովրդավարության բոլոր ասպեկտները», — ասել է Պոմպեոն:

Նրա խոսքերով, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հույսը դնում են ուժեղ, արդյունավետ և պատրաստակամ գործընկերների ընդհանուր անվտանգության շահերի պաշտպանությանը, հենց այդպիսի երկիր է Վրաստանը:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին՝ կատարել 2008 թվականի կրակի դադարեցման մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները և դուրս բերել զորքերը մինչ հակամարտությունը գոյություն ունեցող դիրքեր, ինչպես նաև չեղարկել Վրաստանի տարածաշրջաններ՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախ տարածքներ ճանաչելու որոշումը»,-հայտարարել է Պոմպեոն:

Նշենք նաև, որ հանդիպման սկզբին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է ԱՄՆ-ի պետքարտուղարին՝ պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Վրաստանի կառավարության ղեկավարը ԱՄՆ-ի պետքարտուղարության հյուրերի գրքույկում թողել է գրառում:

Թողնել պատասխան