Բիձինա Իվանիշվիլին ակտիվ քաղաքականություն վերադարձավ. որքանո՞վ են իրականությանը համապատասխանում նրա առաջին հայտարարությունները

Այս տարվա մայիսի 11-ին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ակտիվ քաղաքականություն վերադարձած Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին ընտրվեց կուսակցության ղեկավար: Նա դիմել է համագումարի մասնակիցներին և խոսել տարբեր կարևորության հարցերի վերաբերյալ:

Factcheck-ը ստուգել է Բիձինա Իվանիշվիլիի մի քանի հայտարարություններ:

«Այսօր ամբողջովին պաշտպանված է մարդու սեփականության իրավունքը, որը նախկին իշխանությունների ժամանակ չի եղել… այլևս գոյություն չունի էլիտար կոռուպցիա»:

Heritage Foundation-ի տնտեսական ազատության ինդեքսի բաղադրիչներից մեկը հենց սեփականության պաշտպանվածության ցուցանիշն է: 2018 թվականի զեկույցի համաձայն, Վրաստանի ցուցանիշը 55.2-ից դարձել է 62.5 միավոր: Արդյունքում, Վրաստանը զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը: 2012 թվականին Վրաստանը 40 միավորով զբաղեցրել է 71-րդ հորիզոնականը:

Համանման ցուցանիշ է արտացոլում նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ մրցունակության զեկույցը, որի համաձայն, 2012 թվականին (2012-2013 հաշվետու ժամանակաշրջան) Վրաստանը, սեփականության իրավունքի պաշտպանության տեսանկյունից 3.1 միավորով, 144 երկրներից 131-րդն էր: 2017 թվականի տվյալներով (2017-2018 հաշվետու ժամանակաշրջան) Վրաստանը 4.7 միավորով 46-րդ հորիզոնականում է: Հատկանշական է, որ 2016-2017 թվականների տվյալների համեմատ, սեփականության իրավունքի տեսանկյունից Վրաստանը երեք հորիզոնականով հետընթաց է գրանցել, չնայած 2012 թվականի համեմատ առաջընթացն ակնհայտ է:

Համաշխարհային արդարադատության ծրագրի տվյալներով, 2012-2013 թվականներին  Վրաստանում կոռուպցիայի բացակայության ցուցանիշը 0.77 է կազմել և 97 տարածքային միավորումների միջև 21-րդ հորիզոնականում է եղել: 2017 թվականի տվյալներով այս ցուցանիշը հետընթաց է գրանցել և կազմել 0.71: 113 երկրներից Վրաստանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը: Transparency International-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսի դեպքում, Վրաստանը 2012 թվականին 52 միավորով զբաղեցրել է 51-րդ հորիզոնականը, 2016 թվականի տվյալներով՝ 57 միավորով՝ 44-րդ հորիզոնականը, իսկ 2017-ին` 56 միավորով` 46-րդ հորիզոնականը:

«Այսօր, ինչպես երբեք, ազատ և պաշտպանված է բիզնեսը»:

Բիզնեսի ազատությունը Heritage Foundation-ի բաղկացուցիչ մասն է կազմում` Տնտեսական ազատության ինդեքսում: Առաջին աղյուսակում ներկայացված է նշված ոլորտում Վրաստանի գրանցած հաջողությունները: Թեև, հատկանշական է, որ նշված ինդեքսը ներառում է ինստիտուցիոնալ/հայտարարագրված տեղեկություններ:

Ժամանակաշրջան Տնտեսական ազատություն Բիզնեսի ազատություն
Միավոր Վարկանիշ Միավոր Վարկանիշ
2012 69,4 34 86,9 23
2013 72,2 21 90,6 16
2014 72,6 22 87,8 18
2015 73,0 22 88,6 16
2016 72,6 23 86,5 14
2017 76,0 13 87,2 16
2018 76,2 16 86,9 19

Ինչպես երևում է աղյուսակից, տնտեսական ազատության ինդեքսում առկա առաջընթացը գրանցվել է ինչպես ռեյտինգային միավորի, այնպես էլ ռեյտինգային հորիզոնականի տեսանկյունից: Իսկ Բիզնեսի ազատության տեսանկյունից, վարկանիշը չի բարելավվել, չնայած այլ երկրների տվյալների վատթարացման հետևանքով, 2012-2018 թվականներին Վրաստանը 10 հորիզոնականով առաջընթաց է գրանցել:

«Նախորդ տարի Վրաստանում օտարերկրյա ներդրումները ռեկորդային ցուցանիշի են հասել»:

Վրաստանի ազգային վիճակագրական գործակալության տվյալներով, 2017 թվականին Վրաստանում օտարերկրյա ներդրումները կազմել են 1 միլիարդ 862 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 2006-2017 թվականների ամենաբարձր ցուցանիշն է:

Չնայած, հարկ է նշել, որ ազգային վիճակագրական գործակալության բազայում օտարերկյա ներդրումների տվյալները վերջին ամիսների ընթացքում երկու անգամ փոխվել են: Ուղղումներ են մտցվել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության խորհուրդները հաշվի առնելով: Ուղղումների հետևանքով, 263 միլիոն դոլարով նվազել են 2007 թվականի ներդրումներին վերաբերող տվյալները, որը մինչ փոփոխությունը կազմել է 2 միլիարդ 15 միլիոն ԱՄՆ դոլար:

Միևնույն ժամանակ, ներդրումների տվյալների համեմատությունը միայն բացարձակ թվերով, ճիշտ չէ: Այս դեպքում իրական հարստությունը ցույց է տալիս երկրի ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը: Նման վերլուծությունում կտեսնենք, որ 2017 թվականի ներդրումների քանակի՝ ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը ռեկորդային չէ: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2007 թվականին` 17.2 տոկոս:

Վերջին հինգ տարիների տվյալների համաձայն, տնտեսական աճի առումով, Վրաստանը տարածաշրջանում առաջատար է, իսկ IMF-ի տվյալներով, վերջին 6 տարիների տնտեսական կանխատեսումներով Վրաստանը առաջատար է ոչ միայն տարածաշրջանում, այլ Եվրոոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև:

2013-2017 թվականներին Վրաստանում միջին տնտեսական աճը կազմել է 3.75 տոկոս, ինչը հարևան Թուրքիայի ցուցանիշից պակաս է (6%), իսկ Հայաստանի ցուցանիշից ավելի է ընդամենը 0.17 տոկոսով:

IMF-ի կողմից սահմանված շրջաններում (ԱՊՀ երկրներ, Ուկրաինա, Վրաստան և Թուրքմենիա) Վրաստանը 12 երկրներից 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Ինչ վերաբերում է հետագա տարիների կանխատեսմանը, Բիձինա Իվանիշվիլիի կողմից նշված տարածաշրջաններում (Եվրոպա և Կենտրոնական Ասիա) 2018-2023 թվականներին կանխատեսված միջին տնտեսական աճով Վրաստանը 4.96 տոկոս ցուցանիշով հետ է մնում Թուրքմենիայից (5.69) և Ուզբեկստանից (5.58): Հարկ է նշել նաև, որ եվրոպական մի շարք երկրներ տնտեսական զարգացվածության տեսանկյունից զգալիորեն առաջ են Վրաստանից, հետևաբար, նման զարգացող երկրի (Վրաստանի) հետ համեմատած` տնտեսական ցածր աճը բնական է: Զարգացած երկրներում տնտեսական պոտենցիալն ավելի է իրացված, իսկ զարգացող երկրներում թերզարգացած, կամ ընդհանրապես չզարգացած ոլորտների առկայությունը տնտեսական աճի մեծ հնարավորություններ է ստեղծում:

Թողնել պատասխան