Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով բողոքի ցույց կանցկացվի

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրված  «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիում կանցկացնի բողոքի ակցիա՝ պահանջելով ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահին:

Հանրահավաքը կմեկնարկի ժամը 18:00 -ին` Ազատության հրապարակում:

«Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության պարտականությունն է, թույլ չտալ, որ Միխեիլ Սաակաշվիլին հայտնվի իրեն ոչ հարիր վայրում։ Այս հանրահավաքը բաց միջոցառում է և մենք բոլորին հրավիրում և կոչ ենք անում, որ գան և ցույց տան ամբողջ աշխարհին և միջազգային հանրությանը, որ կարգն այդպես չէ, Բիձինա Իվանիշվիլի՜, որ ում ուզեք բռնեք, ձեր կեղտոտ քարոզչությամբ լվանաք նրանց ուղեղները: Հետևաբար, մենք պետք է լուրջ վերաբերվենք այս ամսաթվին», — հայտարարել է կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան:

Հայտնի է, որ ընդդիմադիր որոշ քաղաքական կուսակցություններ չեն միանում Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով ցույցին: Այդպիսին է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Ինչպես բացատրում է կուսակցության նախագահ Գիգա Բոկերիան, նա չի կիսում Սաակաշվիլիի որոշ կողմնակիցների այն կարծիքը, ըստ որի` առանց նրա ազատ արձակման անիմաստ է մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին։ Բոկերիայի խոսքով՝ Բիձինա Իվանիշվիլիի պարտությունը քաղաքական հետապնդումներին վերջ դնելու բանալին է և ոչ թե հակառակը:

Բողոքի ցույցին չի մասնակցի նաև «Լելոն»։ Սակայն, կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն նշել է, որ կուսակցության ցանկացած անդամ ցանկության դեպքում կարող է միանալ հանրահավաքին: Ըստ Խազարաձեի, հանրահավաքը Սաակաշվիլիի ազատման մեխանիզմ չէ և պետք չէ այս միջոցառմամբ ուշադրությունը շեղել ընտրությունների երկրորդ փուլից:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանում կարևոր համարվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը հայտարարեց, թե Վրաստանում է, իսկ ավելի ուշ տեսանյութ հրապարակեց` նշելով, թե գտնվում է Բաթումիում:

Սակայն Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, թե Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը, իսկ արդեն ուշ երեկոյան հայտնեցին նրա ձերբակալման մասին։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը ղեկավարել է 2004-2013 թվականներին: 2013 -ի ընտրություններում պարտվելուց հետո նա լքել է երկիրը, ինչից հետո քաղաքական գործչի դեմ հարուցվել են մի շարք քրեական գործեր, նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում: Նա ութ տարուց ավելի է չի եղել Վրաստանում, սակայն բազմիցս խոսել է վերադարձի մասին։ 2015 -ին Սաակաշվիլին կորցրեց Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր