Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի․ ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել 29 տարի առաջ այս օրը` սեպտեմբերի 27-ին, Սոխումի քաղաքի անկման վերաբերյալ։

Հաղորդագրության համաձայն՝ ապաօկուպացումը, վստահության վերականգնումն ու հաշտեցումը փշալարերով բաժանված համաքաղաքացիների միակ ամուր հիմքն է միասնական ու ուժեղ պետության մեջ խաղաղ գոյակցության և ընդհանուր բարգավաճման համար։

«2022 թվականի սեպտեմբերի 27-ին Սոխումիի անկումից 29 տարի է անցել։ Սեպտեմբերի 27-ը վրացիների և աբխազների ընդհանուր ողբերգությունն է, որը ծագել է ռուսական ագրեսիայի հետևանքով, ինչից հետո Ռուսաստանը օկուպացրել է Աբխազիան, տասնյակ հազարավոր մարդիկ են սպանվել, և հարյուր հազարավորները տեղահանվել են սեփական տարածքից», — նշված է Արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնում երկրի միասնության համար մղվող պայքարում հերոսաբար զոհված զինվորներին և խաղաղ բնակիչների ընտանիքներին ու հարազատներին։

«Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ապաօկուպացիան և փշալարերով բաժանված համաքաղաքացիների միջև վստահության ու հաշտության վերականգնումը միակ ամուր հիմքն է միասնական և ուժեղ պետության մեջ խաղաղ գոյակցության և ընդհանուր բարգավաճման համար», — ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Կարդացեք նաև՝

Սոխումիի անկումից անցել է 29 տարի