Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի ԱԳ նախարարները

Հուլիսի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Վրաստան մեկնարկեց Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմամբ:

Դավիթ Զալկալիանին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ նախարարները երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր առաջին պաշտոնական այցի շրջանակներում ընդունում եմ իմ ընկեր ու գործընկեր Զոհրաբ Մնացականյանին: Մենք հաստատում ենք երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու մեր պատրաստակամությունը», — գրում է Զալկալիանին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ի լրատվական ծառայությունը, երկու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման եղանակները: