Հանդիպել են Վրաստանի և Սլովակիայի ԱԳ նախարարները

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Interpressnews լրատվականին Վրաստանի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ նախարարները ևս մեկ անգամ հաստատել են երկու երկրների միջև առկա բարեկամական և սերտ համագործակցությունը: Լայչակն ընդգծել է, որ Սլովակիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրատլանտյան ընտրությանը:

«Վրաստանի և Սլովակիայի արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններում առկա արդի հարցերն ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը: Խոսքը վերաբերվել է հատկապես Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներին ու այնտեղ առկա ծանր հումանիտար իրավիճակին։ Նախարարները անհրաժեշտ են համարել հարցը մշտապես դնել միջազգային հանրության օրակարգում»,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում: