«Հանձնարարիր Միշային». ՄԱՇ-ը նոր քարոզարշավ է սկսում

«Հանձնարարիր Միշային». սա է Վրաստանի երրորդ նախագահի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կարգախոսը։ Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Զաալ Ուդումաշվիլին, մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ մեծամասնական պատգամավորների իրենց թեկնածուներին բնակիչները հանձնարարություններ կտան, որոնք կիրականացվեն իշխանափոխությունից հետո:

«Այս հանձնարարությունները կփոխանցվեն վարչապետի մեր թեկնածուին (Միխեիլ Սաակաշվիլիին խմբ.), այնուհետև Սաակաշվիլին ինքը կկիսվի խնդիրների հետ կապված իր տեսակետով, կբացատրի, թե ինչպես են լուծվելու խնդիրները»,- ասել է Ուդումաշվիլին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին նախատեսված Վրաստանի խորհրդարանական ընտրություններին ՄԱՇ-ը որպես վարչապետի թեկնածու է ներկայացրել 3-րդ նախագահ Սաակաշվիլիին: