Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը

Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ) այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան տոնական Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի՝ խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն, ժողովուրդն այդ ջրից տուն է տանում, որպես բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տները` ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:

Այսօր քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է «Ձեզ և մեզ մեծ ավետիս»:

Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը եկեղեցական օրացուցում տարվա առաջին տոնն է։