Հայ ընկերների հետ փորձում ենք լուծումներ գտնել ռուս զբոսաշրջիկների համար. Ալավերդաշվիլի

Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ֆեդերացիայի ղեկավար Շալվա Ալավերդաշվիլիի հաշվարկներով՝ Ռուսաստանից Վրաստանի հյուրանոցների ամրագրումների 60%-ը չեղարկվել է՝ ՌԴ-ի իշխանությունների հայտնի որոշումից հետո: 

Եթե ոչինչ չփոխվի (ավելի վաղ ՌԴ-ի զբոսաշրջության ոլորտի կապերի փոխնախագահ Յուրի Բարզիկինըն ասել էր, որ Ռուսաստանից դեպի Վրաստան չվերթների արգելքը կպահպանվի մինչև տարեվերջ), ապա տարեվերջին Վրաստանի կրած վնասը կկազմի մոտ 200 մլն դոլար՝ «Ալիքի» հետ զրույցում ասաց Ալավերդաշվիլին:

«Ես նոր եմ վերադարձել Հայաստանից, խոսել եմ զբոսաշրջային օպերատորների հետ, հյուրանոցների սեփականատերերի հետ, բոլորը խոստացել են համագործակցել, և ուրախ ենք, որ Հայաստանը օգնելու է մեզ ու մեզ հետ միասին պայքարելու այս պրոբլեմի համար: Տուրօպերատորները խոստացել են ամեն հարցում օգնել մեզ»:

Ալավերդաշվիլին ասում է, որ վրաց պետության հետ այս պահին աշխատանք է ընթանում՝ պարզելու, թե ինչպիսին է լինելու Հայաստանի հետ համագործակցությունը: Խոսք է գնում անվճար շաթլի կամ երկաթգծով անվճար տեղափոխության մասին:

Խնդրին օրեր առաջ արձագանքել էր նաև Հայաստանի վարչապետի քաղավիացիայի գծով խորհրդական Հակոբ Ճաղարյանը և նշել, որ 3 խոշոր ավիաընկերություն  պատրաստակամ են մասնակցել ճգնաժամի կարգավորումներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ ավիատոմսերի գներն արդեն մոտ 34 տոկոսով թանկացել են:

Շալվա Ալավերդաշվիլին ասում է, որ Վրաստանը բոլոր զբոսաշրջիկների համար մնում է նույն անվտանգ երկիրը։ Այստեղ ռուս զբոսաշրջիկները իրենց զգացել ու զգում են ապահով ու պաշտպանված:

Լուսանկարը՝ Ալավերդաշվիլիի ֆեյսբուքյան էջից