Հայ և վրացի դաշնակահարները ելույթ կունենան Փարիզում․ Ստելմաշովան նրանց շարքում է

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն գնահատել է Վրաստանի տարբեր մարզերից և Հայաստանից դաշնակահարների ելույթները՝ անցկացնելով նաև վարպետության դաս։

Ընտրված երիտասարդ տաղանդները Էլիսո Բոլքվաձեի աջակցությամբ հանդես կգան 2023 թվականի գարնանը Փարիզում կայանալիք ամենամյա գալա համերգին, որը կանցկացվի Մարսել Դասոյի պատմական պալատում, որը կազմակերպել է SOS Talents հիմնադրամը։

Վրաստանի խորհրդարանի մշակույթի և Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների միջև անցած շաբաթ ստորագրված հուշագրի շրջանակներում կայացել է Երևանից հրավիրված դաշնակահարների լսումները։ Նրանք վրացի երաժիշտների հետ միասին կմասնակցեն վերոնշյալ գալա համերգին։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ Վրաստանից ելույթ կունենան 4 դաշնակահարներ, ընտրյալների շարքում է նաև Ախալքալաքից դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովան։

Ստելմաշովան արդեն 7 տարի է, ինչ հանդես է գալիս Փարիզում տեղի ունեցող ամենամյա գալա համերգին․

«Այս տարի առաջին անգամ հիշյալ համերգին կմասնակցեն նաև Հայաստանից ներկայացուցիչներ։ Ընտրեցինք թե ինչ կատարումներով ենք հանդես գալու, նաև ապրիլի վերջին համերգ է կայանալու Ցյուրիխում, որին ևս մասնակցելու եմ, հետևաբար կազմեցինք նախագիծ նաև այս համերգի համար», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է Ստելմաշովան և շարունակում․ «Այս անգամ շատ դժվար ստեղծագործություն էի ընտրել, նվագում էի Ստրավինսկիի Fairbird ստեղծագործությունը։ Շատ էի ուզում փորձել, ուսուցիչս ասաց, որ շատ բարդ է, հնարավոր է չկարողանամ նվագել, սակայն համարձակվեցի փորձել, լավ գնահատական ստացա Էլիսո Բոլքվաձեից»։

Ստելմաշովան հպարտությամբ է արձանագրում, որ վերջերս էլ ավելի ամուր ու ջերմ կապ է նկատում Վրաստանի և Հայաստանի միջև մշակութային ասպարեզում․ «Հայաստանից շատ հաճախ է պատվիրակություն ժամանում Վրաստան և հակառակը, պայմանավորվում են համերգների, նոր ծրագրերի և երաժշտության ոլորտում համագործակցության մասին, ինչի առթիվ շատ ուրախ եմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալիք մեդիան» անդրադարձել էր դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովայի հաջողություններին։

Ջավախքցի 15-ամյա դաշնակահարուհու հաջողությունները