Հայաստանի առողջապահության նախարարը՝ Հայաստանի և Վրաստանի հակահամաճարակային համակարգերի մասին

Այսօր Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի հակահամաճարակային համակարգերի մասին։

Նախարարը, մասնավորապես պատասխանել է հետևյալ հարցին.

«Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է մեթոդաբանությունը կորոնավիրուսային վարակակիրների հաշվառման և արդյո՞ք իսկապես Վրաստանին հաջողվել է կոտրել վարակի տարածման տեմպը»։

«Չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ, խիստ ու ուժեղ են իրականացվել, այդ թվում մինչ օրս։

Կա նաև մեթոդաբանության տարբերություն. նախ Վրաստանի առողջապահական համակարգը և հատկապես հակահամաճարակային համակարգը էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից, ոչ լավ իմաստով իհարկե։ Մեր հակահամաճարակային համակարգն ավելի ուժեղ է և ես դա չեմ ասում, որպես հպարտանալու մի բան, այլ պարզապես փաստ եմ արձանագրում՝ մասնագիտական մակարդակի, ոչ քաղաքական։

Ես հուսով եմ, որ մեր հարևանները, բոլորն էլ կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել և մենք բոլորս պաշտպանված կլինենք։ Նույնը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը. ինչո՞վ են այս երեք երկրները կարևոր, քանի որ հոսքերի առումով մենք շատ խոցելի ենք դառնում»,- ասել է Թորոսյանը։

Հատկանշական է, որ Թորոսյանի խոսքը ԶԼՄ-ներով ներկայացվել է կոնտեքստից դուրս՝ շեղվելով ամբողջական իմաստից։