Հայաստանում Վրաստանի դեսպանի ավտոմեքենան կրկին թալանել են

Փետրվարի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում գողացել են Mercedes մակնիշի 14 D 001 AM համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Ինչպես պարզվում է, նշված մեքենան պատկանում է Հայաստանում Վրաստանի դեսպանությանը: Այն թալանել էին նաև դեկտեմբերի 14-ին:

«Վարորդից հաղորդումն ընդունելուն պես ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցել են օպերատիվ միջոցառումների իրականացման: Պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում բացահայտման միջոցառումներն ընդամենը ժամեր տևեցին: Շուտով հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը», — այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Հավելենք՝ նախորդ անգամ ևս կասկածվողը բերման էր ենթարկվել բաժին, տվել համապատասխան բացատրություն: