ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակը կօգնի պատրաստվել քաղաքացիությունը վերականգնելու քննություններին

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակը դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը և ցանկանում են վերականգնել: 

«Հարգելի քաղաքացիներ, եթե դադարեցվել է ձեր Վրաստանի քաղաքացիությունը և ցանկանում եք վերականգնել այն, համաձայն Վրաստանի օրենսդրության՝ ձեզանից պահանջվում է հանձնել պետական լեզվի՝ վրացերենի իմացության թեստ:
Թեստին նախապատրաստվելու համար կարող եք դիմել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակ (հասցե՝ Վրաստան, ք. Ախալքալաք, փ. Ծերեթելի 34): Մասնագետները կօգնեն ձեզ պատրաստվել թեստին, կկատարեն պահանջվող թարգմանությունները և կկազմեն ձեր դիմումները»,- ասվում է գրասենյակի հայտարարությունում:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի Ախալքալաքի գրասենյակի պատասխանատու Գուրգեն Եզոյանի խոսքով  քաղաքացիությունը վերականգնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին դեռևս կօգնեն պատրաստվել վրաց լեզվի քննության համար, հետագայում, ցանկության դեպքում կկարողանան  նաև Վրաստանի պատմության և օրենսդրության քննություններին նախապատրաստվելու խմբեր կազմել: 

Հիշեցնենք, Վրաստանի քաղաքացիության վերականգնման համար անհրաժեշտ է քննություն հանձնել վրաց լեզվից, պատմությունից և օրենսդրությունից: