Հայկական ընկերությունը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30 տոկոսը

Հայկական Team Invest ներդրումային ընկերությունը ձեռք է բերել Վրաստանի առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30 տոկոս բաժնեմասը։ Փոփոխության մասին ասվում է ընկերության կայք էջում։

Ներկայումս ընկերության գործընկերների ցանկը բաշխված է հետևյալ կերպ.

Team Invest (Հայաստան) բաժնետիրական ընկերություն՝ 30 տոկոս,
Բեսիկի Մոսաշվիլի՝ 30 տոկոս,
Նինո Տոտաձե՝ 20 տոկոս,
Լևան Խունդաձե՝ 15 տոկոս,
Էդուարդ Ջանոաշվիլի՝ 5 տոկոս։

SkyTel-ը վրացական շուկայում գործում է 2010 թվականից: Ընկերությունը սպասարկում է ֆիքսված ինտերնետի ավելի քան 52 հազար բաժանորդ Վրաստանի մարզերում՝ Սամցխե Ջավախեթի, Իմերեթի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Աջարիա, Գուրիա, Շիդա Քարթլի, Քվեմո Քարթլի, Կախեթի և այլն: Այս ցուցանիշով ընկերությունը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը ֆիքսված ինտերնետի շուկայում Magti-ից և Silkneti-ից հետո։

SkyTel ընկերության 2021 թվականի ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերությունը տարվա ընթացքում ունեցել է 18 մլն լարի եկամուտ և 1,1 մլն լարի վնաս։

Հայկական Team-ը, ի դեպ, հարցի շուրջ տարածած հայտարարությունում նշել է․

«Այս գործարքով Team ընկերությունների խումբը նպատակ ունի դիվերսիֆիկացնել Հայաստան մուտք գործող ենթակառուցվածքները, բարձրացնել ինտերնետի հասանելիության և անվտանգության մակարդակը, բացի այդ հիմք ստեղծել խմբի անդամ Team Telecom Armenia-ի համար՝ տարածաշրջանում դիրքը ամրապնդելու»։