Հենզել Մկոյանի որդին Ախալքալաքում կասկածվում է տղամարդու ծեծի ենթարկելու մեջ. վրացական ԶԼՄ-ներ

Վրացական լրատվամիջոցները` հղվելով Ներքին գործերի նախարարության վրա, տեղեկատվություն են տարածել իշխող «Վրացական երազանք» կուսակցության Նինոծմինդա-Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի որդի՝ Դավիթ Մկոյանի` Ախալքալաքում 4 այլ անձանց հետ մի երիտասարդի ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն Ախալքալաքում նոյեմբերի 2-ին տեղի ունեցածի փաստով հետաքննություն է սկսել: Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի երրորդ մասով, ինչը ենթադրում է խուլիգանություն հրազենի կամ այլ միջոցի կիրառմամբ: ՆԳՆ-ի համաձայն, հետաքննությունը կպարզի հանցագործության մասնակիցների անձը:

Միջադեպը տեղի է ունեցել Ախալքալաքի շուկայի հարակից տարածքում, ցերեկային ժամերին: Առկա տեղեկատվության համաձայն, եղել են նաև վկաներ: Տուժածը, ում գլուխը կոտրվել է, տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց:

«Ալիք Մեդիան» մի քանի անգամ փորձեց կապ հաստատել պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին: