Հերչինսկին կոչ է արել արագացնել աշխատանքը բարեփոխումների ուղղությամբ

Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին՝ մեկնաբանելով Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հրապարակած «Արևելյան գործընկերության ինդեքսը», նշել է, որ միայն կարող է կոչ անել Վրաստանի իշխանություններին` արագացնել աշխատանքները բարեփոխումների ուղղությամբ։

«Այս բարեփոխումները նախատեսված չեն Բրյուսելին կամ մեկ ուրիշին հաճոյանալու համար։ Դրանք ստեղծվել են, որպեսզի Վրաստանը դառնա ավելի ուժեղ, ավելի կայուն ժողովրդավարական երկիր, հետևաբար` հենց Վրաստանի շահերից է բխում այդ բարեփոխումների իրականացումը` Եվրամիությանը անդամակցելուն պատրաստ լինելու համար»,- նշել է դեսպանը։

Նրա խոսքով, այդ բոլոր բարեփոխումներն աներկբա անհրաժեշտ են, որպեսզի Վրաստանը առաջընթաց գրանցի Եվրահանձնաժողովի հաստատած 9 վերապահումների առումով և անցնի եվրաինտեգրման գործընթացի հաջորդ փուլ՝ սկսելու համար անդամակցության բանակցությունները։