«Հեռուստադպրոց»՝ էթնիկ փոքրամասնությունների համար

Վրաստանում ապրիլի 13-ից եթեր կհեռարձակվեն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ աշակերտների համար մայրենի լեզվով նախատեսված «Հեռուստադպրոցի» դասերը:

Ազգային փոքրամասնությունների լեզուներով (հայերեն և ադրբեջաներեն) կանցկացվեն «Մաթեմատիկա», «Բնություն», «Կենսաբանություն», ինչպես նաև «Հայոց լեզու» և «Ադրբեջաներեն լեզու» առարկաների դասեր:

Վրաստանի Կրթության նախարարության տեղեկությամբ, հեռուստադասերը նախատեսված կլինեն բոլոր դասարանների աշակերտների համար: Հատկանշական է նաև, որ դիմորդների համար կանցկացվեն ընդհանուր ունակությունների դասընթացներ (ԲՈւՀ ընդունելության քննության առարկան):

«Հեռուստադպրոցը» գործում է մարտի 30-ից, հեռարձակվում է «Առաջին ալիք — կրթություն» (նախկին Երկրորդ ալիք) ալիքով:

Նախաձեռնությունը հնարավորություն է տալիս բոլոր աշակերտներին հետաքրքիր դասեր լսել փորձառու ուսուցիչներից:

Վրաստանում կրթությունը հեռավար ռեժիմի է անցել երկրում կորոնավիրուսի տարածումից հետո: Կրթության նախարարության մշակած մոդելի համաձայն՝ եթեր է հեռարձակվում «Հեռուստադպրոցը», դպրոցական ծրագիրն աշակերտներն ուսումնասիրում են նաև ուսուցիչների հետ առցանց միացումների միջոցով:

Հատկանշական է՝ Տնտեսական զարգացման և համագործակցության միջազգային կազմակերպությունը (The Organisation for Economic Co-operation and Development – OECD) Վրաստանի հեռավար կրթական մոդելը աշխարհում լավագույնների թվին է դասել: