ՀՀ դեսպանությունը հերքում է Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ՀՀ-ից դուրս վերաբնակեցնելու մասին լուրերը

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` հերքում է Լեռնային Ղարաբաղի հայազգի բնակչությանը ՀՀ-ից դուրս այլ վայրերում հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկությունները։

«Սոցիալական ցանցերի վրացական տիրույթում շրջանառում են Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի` ՀՀ-ից դուրս այլ վայրերում հնարավոր վերաբնակեցման մտադրությունների վերաբերյալ կեղծ տեղեկություններ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հերքում է նմանօրինակ մտացածին, ստահոդ լուրերը և դատապարտում դրանց տարածումն ու թեմայի էժանագին շահարկումները՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի և հայ ժողովրդի համար այս ծանր պահին», — նշված է ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկարով հանդես եկող ֆեյսբուքյան «Լիդերի 41» էջը (ըստ էջի մեկնաբանության՝ լուսաբանում են միայն առաջնային լուրերը- խմբ.), որը տարածում է բացառապես իշխանական լուրեր և համարվում է իշխանության ջատագով, «Շատ տհաճ տեղեկություն վրացիների համար» վերնագրով հակահայ բովանդակությամբ հրապարակում էր արել:

«Ղարաբաղի հայերին կտեղափոխեն Աբխազիա». հայատյաց գրառում է տարածվում