«Ղարաբաղի հայերին կտեղափոխեն Աբխազիա». հայատյաց գրառում է տարածվում

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսկացությանն աջակցող ֆեյսբուքյան էջերը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ֆոնին վերսկսել են հակահայկական և հայատյաց տեղեկատվական արշավը: 

Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկարով հանդես եկող ֆեյսբուքյան «Լիդերի 41» էջը (ըստ էջի մեկնաբանության՝ լուսաբանում են միայն առաջնային լուրերը-խմբ.), որը տարածում է բացառապես իշխանական լուրեր և համարվում է իշխանության ջատագով «Շատ տհաճ տեղեկություն վրացիների համար» վերնագրով հակահայ բովանդակությամբ հրապարակում է արել:

Հրապարակման հեղինակը, մասնավորապես, գրում է. «Ղարաբաղում ապրող հայերը կվերաբնակեցվեն Աբխազիայում, խոսքը Ղարաբաղից տեղահանված 40.000 հայերի մասին է, որոնք Աբխազիայիում վրացիների տներում պետք է ապրեն:

Այն կազմակերպում են հայ լոբբիստները և Աբխազիայի դե ֆակտո նախագահի վարչակազմը:

Քանի դեռ ժամանակ կա, պետք է գործենք: Եթե ​​Հայաստանի Հանրապետությունը 40 հազար հայ ղարաբաղցի փախստական ​​ուղարկի Աբխազիա, ապա Վրաստանը պետք է ճանաչի Հայաստանը որպես թշնամական պետություն»,- նշված է հակահայ տեքստում:

Նշենք, որ հրապարակումն այս պահի դրությամբ (16:50) ունի 56 արձագանք, 7 տարածում և 32 մեկնաբանություն: Ինչպես հայտնի է՝ էջը քարոզչական բնույթ ունի և հաճախ է ապատեղեկատվություն տարածում:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածված հայատյաց լուրերին։Գրառմանը կից տեղադրելով հակահայ բովանդակությամբ էջի հրապարակման լուսանկարը, Թումասյանը նշել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ֆեյսբուքյան էջն ու նրանց կոչ արել՝ վերջ տալ հակահայկական կեղծ քարոզչությանը և ատելությանը:

«Կատարյալ սուտ է, և երկրորդ անգամ եք նույն սուտը տարածում, 2020 թվականին արդեն տարածել էինք, և, երբ ապացուցվեց, որ դա սուտ է, այն տարածողներից ոչ-ոք չասաց՝ այո, սուտ էր։ Հայերի համար այս ամենամեծ ողբերգության պահին մի քանդեք այն հիմնասյուները, ինչի վրա կանգնած են վրաց-հայկական հազարամյակներ շարունակվող հարաբերությունները»,- գրել է ՀԿ-ի նախագահը:

Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ իշխանական մեդիան ու նրանց արբանյակները տարածում են հայատյաց բովանդակությամբ նյութեր և տեսանյութեր: Այս մասին ավելին՝ այստեղ: