Իշխանական էջերը շարունակում են հայատյացություն քարոզել

Վրաստանյան իշխանական էջերը շարունակում են հակահայկական և հայատյացության տեղեկատվական արշավը: Այս անգամ Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկարով հանդես եկող ֆեյսբուքյան «Լիդերի 41» էջը (ըստ էջի մեկնաբանության՝ լուսաբանում են միայն առաջնային լուրերը-խմբ.), որը տարածում է բացառապես իշխանական լուրեր և համարվում է իշխանության ջատագով, «Աբխազները սկսել են խոսել հայերի մասին» վերնագրով տեսանյութ է տարածել:

Տեսանյութում, ամենայն հավանականությամբ, աբխազ պաշտոնյան ասում է. «Մենք հայերին առանց հետին մղումների բնակեցրինք մի գյուղում, բայց այսօր, Աբխազիայում նրանք գործնականում մրցում են մեզ հետ: Մենք դրա դեմ ոչինչ չունենք, բայց մենք փոքր ազգ ենք, մենք կարող ենք մոլորվել»:

Նշենք, որ տեսանյութն այս պահին ունի 420 դիտում, 24 արձագանք, 5 տարածում և 11 մեկնաբանություն:

Ինչպես հայտնի է՝ էջը քարոզչական բնույթ ունի և հաճախ է ապատեղեկատվություն տարածում:

Ի դեպ, այս ամիս արդեն չորրորդ դեպքն է, երբ իշխանական մեդիան ու նրանց արբանյակները տարածում են հայատյաց բովանդակությամբ տեսանյութեր:

Օրեր առաջ, նման արշավի մեկնարկը դրեց Լաշա Արսեիձեն: Վերջինս իր հրապարակած տեսանյութում հայհոյում և հայատյաց արտահայտություններ էր անում Թբիլիսիում բնակվող հայերի հասցեին:

Ուշագրավ է, որ նշված տեսանյութն իրենց էջերում պատրաստակամորեն տեղադրել էին իշխանական երկու մեդիաները՝ TV Imedi-ն և POSTV-ն, երկուսն էլ վերնագրելով՝ «Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության առաջնորդներից մեկը վիրավորական խոսքերով է անդրադարձել Վրաստանում ապրող հայերին»: TV Imedi-ն անգամ ազդագիր է տեղադրել, որտեղ նշել է, որ տեսանյութերում պատկերված անձը Թբիլիսիի Ավլաբարի (Հավլաբար) թաղամասի մեծամասնական պատգամավոր Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» քաղաքական շարժման առաջնորդներից է:

Ավելի ուշ՝ մայիսի 23-ին, քաղաքագետ ներկայացող Լալի Մորոշկինան հոմոֆոբ և պահպանողական արժեքներ քարոզող «Ալտ-Ինֆո» հեռուստաընկերությամբ  նշել էր, որ Վրաստանի ընդդիմության մեծ մասը ազգանունները փոխած հայեր են, նրանց թիկունքում կանգնած է հայկական լոբբին, նրանց նպատակն է խափանել Աբխազիայի վերադարձը՝ Աբխազիան հայերին հանձնելու համար:

Նույն օրը՝ մայիսի 23-ին, Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Էմզար Կվիցիանին («Վրաստանի հայրենասերների դաշինք») ֆեյսբուքում հայատյաց հայտարարություն է հրապարակում, նշելով. «Մեր վրա թքելուն ենք արժանի վրացիներս, որ այսքան հանդուրժում ենք հայերին»:

Գրառմանը կից՝ Կվիցիանին լուսանկար է տեղադրել, որում գրված է. «Պարզվում է՝ Նինիոծմինդայում վրացական մանկատան փակման համար Նինո Լոմջարիան և Formula TV-ն ԱՄՆ-ում հայկական Patterson Belknap կազմակերպությունից, ֆրանսիական «Խագան» ֆոնդից և Ջավախքում ռուսական սփյուռքից 580 հազար եվրո են ստացել»:

«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածված հայատյաց լուրերին։

«Վրաստանի իշխանությունն ակնհայտորեն ինչ-որ մեծ սադրանք է նախապատրաստում մեր՝ հայերիս համար, մեր ողջ հասարակությունը պետք է շատ զգույշ լինի։

Ակնհայտ է, որ սա ռուսական սադրանք է վրաց-հայկական հարաբերությունների դեմ։ Այլատյաց և հայատյաց «Վրացական երազանքը» չպետք է ստանա ոչ մի ձայն Վրաստանի հայազգի քաղաքացիներից: Նրանք արժանի չեն»,- գրել է Թումասյանը

Նոր զարգացումներ Թբիլիսիում հայատյաց հայտարարության շուրջ

Իշխանական մեդիան հակահայկական բովանդակությամբ տեսանյութեր է տարածել