Նոր զարգացումներ Թբիլիսիում հայատյաց հայտարարության շուրջ

Սոցիալական ցանցերում մեծ արձագանք բարձրացրած քաղգործիչ, «Տրիբունա»-ի անդամ ներկայացած Լաշա Արսենիձեի՝ հայերին ուղղված վիրավորանքների ու սպառնալիքների առթիվ նույն քաղաքական շարժման առաջնորդ Դավիթ Ճիճինաձեն և «Հայ համայնքային հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Գիորգի Թումասյանը համատեղ դիմում են ներկայացրել «Լրագրողական էթիկայի խարտիային»։

Թումասյանի փոխանցմամբ՝սպասում են դիմումի պատասխանին։

Հիշեցնենք՝ մայիսի 14-ին սոցիալական ցանցերում հայատյաց բովանդակությամբ տեսանյութեր էին տարածվել: Հեղինակը՝ քաղաքական գործիչ Լաշա Արսենիձեն, մեկուկես րոպե տևողությամբ տեսանյութում վիրավորում և միաժամանակ սպառնում էր ազգությամբ հայերին։

Սոցցանցերում հայտնված տեսանյութը մեծ պատրաստակամությամբ տարածեցին հատկապես իշխանական երկու լրատվամիջ`՝ TV Imedi-ն և POSTV-ն, երկուսն էլ վերնագրելով՝ «Դավիթ Ճիճինաձեի «Տրիբունա» կուսակցության առաջնորդներից մեկը վիրավորական խոսքերով է անդրադարձել Վրաստանում ապրող հայերին»: Վիրահայ համայնքի ներկայացուցիչները քննադատել են իշխանական մեդիայի՝ հայատյացություն պարունակող տեսանյութերի ակտիվ տարածումը։

Տեսանյութերի տարածումից հետո շատ չանցած «Տրիբունա» քաղաքական շարժումը հանդես եկավ հայտարարությամբ՝ ընդգծելով. «Մայիսի 14-ին սոցիալական ցանցերում տարածվել է «Տրիբունա» քաղաքական շարժման տարբերանշանով տեսանյութ, ինչը որեւէ կապ չունի մեր կուսակցության գաղափարախոսության կամ դիրքորոշման հետ»:

«Տրիբունա» կուսակցության առաջնորդ, մեծաթիվ հայերով բնակեցված Թբիլիսիի Իսանի ընտրատարածքում (ներառում է Հավլաբարի, Էլիա, Իսանի, Մետրոշենի թաղամասերը, Չուղուրեթիի մի մասը) մեծամասնական ընտրակարգով Վրաստանի 9-րդ գումարման (Իշխող կուսակցության ընտրացուցակով ընտրված) պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն դեպքից հետո առանձին հանդիպումներ ունեցավ «Հայ համայնքային հարթակ»-ի ղեկավար Գիորգի Թումասյանի և «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ։

Ճիճինաձեն, ի դեպ, ընտրվելով հիմնականում հայաշատ շրջանից՝ պատգամավորական գործունեության ընթացքում սերտ կապեր է ունեցել վիրահայերի, համայնքային կազմակերպությունների, Վիրահայոց թեմի հետ։ 

«Հայերն այս երկրում երբեւէ փոքրամասնություն չեն հանդիսացել». Իսանիից առաջադրված թենակածու

Ի դեպ, մայիսի 22-ին այս թեմայով «Տրիբունա» կուսակցությունը Թումասյանի հետ համատեղ ճեպազրույց անցկացրեց։

Մայիսի 17-ին «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը հարցով երկրի գլխավոր դատախազություն է դիմել՝ քրեական գործ հարուցել սոցիալական ցանցերում վիրահայերի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ։

Նշենք, որ Արսենիձեի նկատմամբ կիրառվել է կարճաժամկետ (10-օրյա) կալանք, ինչը ՀԿ-ի խոսքով ընդունելի չէ․

«Մենք չենք կիսում վարչական վարույթ սկսելու նպատակահարմարությունը և կարծում  ենք, որ իրավական որակումը չի համապատասխանում Լաշա Արսենիձեի արարքին։ Նրա կողմից կատարվածը պարունակում է քրեական հանցագործության նշաններ, այն է՝ սպառնալիքի և ազգային թշնամանքի հրահրում։ Ըստ այդմ, կարծում ենք, որ այս հարցով պետք է քրեական գործ հարուցվի, և իրավապահ մարմինները պետք է լիարժեք քննություն իրականացնեն», — դատախազությանն ուղղված դիմում կոչ է արել ՀԿ-ն։

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ևս անդրադարձավ հարցին՝ տեղադրելով կիրակնօրյա պատարագի ժամանակ Վիրահայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանի հնչեցրած ուղերձը։

Իր մտահոգությունը հայտնելով տեղի ունեցածի վերաբերյալ, Թեմի առաջնորդն ասել էր.՝ «տեսանյութը տարածած ոչնչությունն իր պատիժը կստանա և՛ Աստծուց, և՛ մեզանից», նաև հավելել «սակայն, այս պատմության մեջ ամոթն ու խայտառակությունը նրանում է, որ Թբիլիսիում ապրող հայերի շրջանում կան մարդիկ, ովքեր փորձում են այդ ամենը արդարացնել։»

Տեր Կիրակոս Վարդապետ Դավթյանը մասնավորապես նշել է․ «Ես՝ որպես հայ, ամաչում եմ այդ հայերի հետ նույն օդը շնչել, տեսնել նրանց մեր եկեղեցում կամ ընկերական շրջապատում։ Դա խայտառակություն է։ Ես հույս ունեմ` նրանք խելքները գլուխները կհավաքեն, բայց նաև վստահ եմ, եթե դա չանեն, ապա կլինեն մարդիկ, ովքեր մեծ սիրով այդ դաստիարակչական աշխատանքները կանցկացնեն նրանց հետ»։

«Ալիք մեդիան» փորձեց մանրամասներ իմանալ, թե ո՞ւմ նկատի ունի առաջնորդը, սակայն Վիրահայոց թեմից հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին։