«Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը ելույթ ունեցավ Ախալքալաքում

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ Հայաստանի հանրային ռադիոյի աշուղական երգի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը ելույթ ունեցավ Ախալքալաքի հանդիսատեսի առջև:

Ախալքալաքի մշակույթի տանը կայացած համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներ, Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմինների անդամներ, Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը և այլք:

Մայիսի 27-ին կայացած համերգը համեմված էր ժողովրդական ազգագրական երգ-երաժշտությամբ:

«Սայաթ-Նովա» անսամբլն այսօր էլ ելույթ կունենա Թբիլիսիում՝ Սայաթնովյան 109-րդ «Վարդատոնին»։

Նշենք, որ «Վարդատոնը» այս տարի կազմակերպել է «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը՝ Վրաստանում ՀՀ դեսպանատան, Վիրահայոց թեմի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի բարձր հովանու ներքո:

Ի դեպ, «Վարդատոնը» հիմնադրվել է 1914 թվականին վրացի գրականագետ Իոսեբ Գրիշաշվիլիի, հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, որին ավանդաբար մասնակցում են հայ և վրացի գրողներ, հասարակական գործիչներ, ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչներ։