ՀՀ կառավարությունը քննարկում է ջավախահայերի՝ սահմանում ունեցած խնդիրները

Օրեր առաջ Ջավախքի մոտ 200 երիտասարդներ մի քանի ժամով փակել  էին վրաց-հայկական սահմանն ու կառավարության հետ հանդիպում պահանջել:

Խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող 27 տարին չլրացած ջավախահայերն այսօր փաստի առաջ են կանգնած՝ կամ ծառայել, կամ դատապարտվել: Նրանց օդանավակայանում կամ սահմանին հայտնում են, որ իրենք ընտրության այս երկու տարբերակն ունեն:

ՀՀ ոստիկանությունն արձագանքել էր ու հրավիրել հանդիպման: Ջավախահայերի մտահոգությունները լսել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու նրա տեղակալ Աղասի Կիրակոսյանը:

Նրանք տեղեկացրել են, որ ոստիկանության տիրույթում գտնվող բոլոր հարցերը սառեցված են, երիտասարդերի նկատմամբ հետախուզումը դադարեցված, մինչև հարցի շուրջ կլինի վերջնական որոշում: Խնդրին տեղյակ է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարությունն այս պահին տարբերակներ է մշակում՝ հարցը հօգուտ ջավախքցու լուծելու համար:

Ջավախահայ Անդրանիկ Կարսլյանը, ով օրեր առաջ սահմանին բողոքի ակցիա կազմակերպողների շարքում էր, ասում է, որ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկել է փակել հին էջն ու սկսել նորից.

«Այս թավշյա հեղափոխությունը պետք է նպաստի, որ ջավախքցին ավելի սիրով ու առանց խնդիրների մուտք գործի Հայաստան: Մենք ոչ մի քաղաքական մոտիվացիա չունենք, մենք Հայաստանի մի մասնիկն ենք, գործընթացների մասնակից, ընդամենն ուզում ենք լավ ապրել, հանգիստ ապրել, ոչ մի այլ հավակնություն»,- «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց Ա. Կարսլյանը:

Լուսանկարները՝ Անդրանիկ Կարսլյանի ֆեյսբուքյան էջից