ՀՀ ԿԳՄՍ պատվիրակությունը Վրաստանում քննարկել է մշակութային համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր

Դեկտեմբերի 6-8-ը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վրաստան: Այս մասին տեղեկությունը տարածում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, այցի նպատակն էր հայ-վրացական մշակութային կապերի խթանումը, ժամանակակից արվեստի, մշակութային ժառանգության պահպանության ոլորտներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող և հետագա համագործակցությանն առնչվող հարցերի քննարկումը:

Աշխատանքային այցի շրջանակում Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Կախա Սիխարուլիձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր, և ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ հնագիտության, կինոարտադրության, թանգարանային գործի, թատրոնի և մշակութային կրթության ոլորտներում համագործակցության ուղղությամբ:

Արա Խզմալյանի խոսքով՝ շատ կարևոր է հանդես գալ համատեղ նախաձեռնություններով, ինչը հնարավորություն կտա ավելի լավ ծանոթանալու հարևան պետության մշակույթի հետ:

Այցի շրջանակում հայկական պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանք» պանթեոն, այնուհետև Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում հանդիպել են Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հետ: