ՀՀ պատվիրակությունը Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում է․ լուսանկարներ

Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով հայաստանյան խմբի` Վրաստան կատարած այցի շրջանակներում ՀՀ պատվիրակությունն այցելեց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարություն, հանդիպեց կառավարության «Արտադրիր Վրաստանում» նախագծի տնօրեն Թորնիկե Զիրակիշվիլիի հետ:

ՀՀ պատվիրակության անդամներին ներկայացվեց ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

«Արտադրի՛ր Վրաստանում» նախագծի նպատակն է խթանել վրացական արտադրության զարգացումը, աջակցել սկսնակներին, ինչպես նաև զարգացնել արտահանումը: Կիսվելով փորձով՝ նախագծի տնօրենը խոսեց նաև «Նկարահանի՛ր Վրաստանում» ծրագրի մասին, որի նպատակն է գրավել հոլիվուդյան ֆիլմերի ռեժիսորներին: Զիրակիշվիլիի խոսքով, «հաճելի խնդիր» է առաջացել` արդեն ունեն ավելի շատ դիմորդներ, քան ակնկալում էին:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի աշխատանքը կշարունակվի մինչև սեպտեմբերի 27-ը: