Հունիսի 16-ի և 20-ի հանրահավաքների արձագանքներն՝ ամփոփ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է հունիսի 16-ին հանրահավաք անցկացնելու մասին, իսկ հունիսի 20-ին «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժումը «Տուն դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքի մասին էր հայտարարել:

Մի շարք քաղաքական ուժեր դրական և բացասական են գնահատել երկու ակցիաներն էլ՝ հայտարարելով դրանց միանալու կամ չմիանալու մասին:

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ նախագահն իր քայլով խոչնդոտում է հունիսի 20-ի հանրահավաքին՝ այդպիսով պառակտելով դեպի արևմուտք ձգտող հասարակությանը։

Նախագահին ի պատասխան «Ամոթ է»-ն ասել է, որ հունիսի 20-ի հանրահավաքը չի հետաձգվի և նախագահին հրավիրել են քաղաքացիական հասարակության կազմակերպած ցույցին:

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիամդիր « Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիայի կուսակցության անդամ Միխեիլ Դաուշվիլին բացառել է կուսակցության մասնակցությունը հունիսի 16-ին և 20-ին կայանալիք հանրահավաքներին։ Դաուշվիլին նշել է, որ կուսակցության համար գլխավոր խնդիրը գործընկերների հետ աշխատելն է։

«Եվրոպական Վրաստանը» ևս չի միանա հունիսի 16-ի հանրահավաքին: Կուսակցության անդամ Լելա Քեբուրիան լրագրողներին ասել է, որ հանրահավաքը «ծառայում է ձևացնելու, թե վրաց ժողովրդի կամքը և Բիձինա Իվանիշվիլիի ցանկությունները նույնական են»։

«Հանրապետական» ​​կուսակցության նախագահ Դավիթ Բերձենիշվիլին ասել է, որ իրենց կուսակցությունը չի միանա հունիսի 16-ի հանրահավաքին, թեև իրենց անդամներից ոմանք կարող են հետաքրքրված լինել նաև հանրահավաքով։

«Քաղաքացիներ» կուսակցության նախագահ Ալեկո Էլիսաշվիլին նշել է, որ հունիսի 16-ի հանրահավաքը նույնպես կարևոր է, քանի որ Եվրահանձնաժողովը պետք է իր կարծիքը հրապարակի հունիսի 17-ին։

Հանրահավաքին չի միանա նաև «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցությունը:  Կուսակցության առաջնորդներից Պաատա Մանջգալաձեն հայնել է, որ կուսակցությունն ինքն ունի #ToEurope քարոզարշավ, որի շրջանակներում գնում են շրջաններ։

Ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը հայտնել է, որ լինելու է հունիսի 16-ի հանրահավաքին և կոչ է արել բոլորին գալ նաև հունիսի 20-ի հանրահավաքին, հայտարարել է «Լելոյի» ղեկավարներից Մամուկա Խազարաձեն։ Ըստ Խազարաձեի՝ այսօր, ինչպես երբեք, միասնականություն է պետք:

Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Քնիրշը հայտարարել է, որ ինքը ևս լինելու է նախագահ Զուրաբիշվիլիի հայտարարած հանրահավաքին։

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան կոչ է արել բնակչությանը մասնակցել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին աջակցող բոլոր ցույցերին։ Ըստ Օմբուդսմենի՝ այժմ հասարակությունը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները:

«Հիմա հասարակությունը պառակտելու ժամանակը չէ, ես, ընդհակառակը, կոչ եմ անում ժողովրդին, որտեղ որ հանրահավաք կլինի ԵՄ-ին ինտեգրվելու պահանջով, երևի պետք է ամեն տեղ գնալ ու չհոգնել, մեր ընտրությունը Եվրոպան է…»,- գրել է Լոմջարիան:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Սոզար Սուբարին ասել է, որ «Վրացական երազանքը» չի մասնակցի հունիսի 16-ի եւ 20-ի հանրահավաքներին։ Ինչպես նշել է Սուբարին, «Վրաստանի բնակչության 85 տոկոսը աջակցում է Վրաստանի եվրաինտեգրմանը»: