Հունիսյան դեպքերի ժամանակ ավելի շատ իրավապահ է տուժել, քան ակցիայի մասնակից

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տեղեկատվությամբ, հունիսի 20-21-ի դեպքերի վերաբերյալ, որպես տուժող ավելի շատ իրավապահ է հայտնի, քան ակցիայի մասնակից:

Ասոցիացիան ընթացող քրեական գործից տեղեկատվություն ճշտելու նպատակով դիմել է գլխավոր դատախազություն:

«Ըստ ստացված տեղեկատվության՝ ՆԳՆ-ն հետաքննում է երկու դեպք, որի շրջանակներում 17 ցուցարարի դեմ մեղադրանք է առաջադրվել, իսկ որպես տուժող հայտնի է 67 իրավապահ: Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել գերատեսչության 3 աշխատակիցների նկատմամբ, իսկ ՆԳՆ-ի աշխատակիցների կողմից հնարավոր հանցավոր գործողությունների արդյունքում տուժող է ճանաչվել ակցիայի 4 մասնակից»,- ասված է կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 20-ին ընթանում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Ռուսական պատվիրակության ղեկավարը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին՝ հարուցելով քաղաքացիների զայրույթը։ Սկսված բողոքի ակցիաների ֆոնին խորհրդարանի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Իրակլի Կոբախիձեն։

Հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը, երբ ցուցարարները փորձում էին գրոհել խորհրդարանի շենքը, հատուկջոկատայինները ցույցը ցրելու համար կիրառել են ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ, ջրցան մեքենա: «Գավրիլովի գիշեր» անվանումը ստացած զարգացումների պատճառով այդ օրը վիրավորվել է 240 մարդ, 2 հոգի կորցրել է աչքը, բերման ենթարկվել՝ մոտ 300-ը։