Ի՞նչ է ենթադրում ԿԸՀ-ի կողմից մշակված կուսակցությունների «Վարքականոնը»

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական կուսակցությունների վարքականոն է մշակել։ Փաստաթղթի տակ արդեն ստորագրել է ընդդիմադիր կուսակցությունների մի մասը, ինչպես նաև իշխող կուսակցությունը։

Ի՞նչ է գրված կուսակցությունների համար ստեղծված վարքականոնում

Փաստաթղթի համաձայն՝ կուսակցությունները համաձայնվում են, որ․

  • չեն օգտագործելու ատելության խոսք, այլատյացություն և սպառնալիք պարունակող հայտարարություններ,
  • նպաստելու են խաղաղ ընտրական միջավայր ստեղծելուն, չեն դիմի բռնության, ոչ էլ բռնության կոչերով հանդես կգան․
  • չեն խանգարելու մրցակցի նախընտրական քարոզարշավի միջոցառումների ընթացքին և քարոզչական նյութեր տարածելուն․
  • չեն օգտագործելու և կանխամտածված չեն տարածելու ապօրինի ձեռք բերված տեղեկություն մրցակցի մասին, ինչպես նաև չեն կեղծելու դրանք․
  • չեն օգտագործելու կեղծ էջեր սոցիալական ցանցերում հասարակության վրա ազդեցություն գործելու համար,
  • չեն օգտագործելու վարչական միջոցներ ընտրություններին առավելություն ձեռք բերելու համար․
  • ԶԼՄ-ներին չեն տրամադրելու զրպարտչական և անհիմն լուրեր այլ քաղաքական սուբյեկտների և նրանց անդամների մասին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը արդեն ստորոգրել է նշված վարքականոնը և կոչ է արել մնացած կուսակցություններին նույնպես ստորագրել։ Միավորված ընդդիմությունը այսօր հանդիպում է անցկացնում, ինչից հետո նրանք պատրաստվում են միասնաբար ստորագրել այն։