Ի՞նչ լրացուցիչ արգելքներ կարող են սահմանվել Վրաստանում

Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հայտարարությամբ՝ միջգերատեսչական խորհուրդը քննարկում է լրացուցիչ մասնակի սահմանափակումների հարցը, որոնք հնարավոր է սահմանել կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար:

Նախարարի խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումների շարքում կարող են լինել օրինակ երեկոյան և գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև ազատ օրերին, կամ շաբաթվա մեջ մեկ օր տրանսպորտի դադարեցումը, տարբեր տեսակի առևտրի կենտրոնների և շուկաների աշխատանքի դադարեցումը:

«Բոլոր այս միջոցառումները մասնակի սահմանափակումներ են և կօգտագործվեն այնտեղ և այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:

Վրաստանում նոյեմբերի 4-ից արդեն գործում են մի շարք սահմանափակումներ:

  • Բաց և փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը,
  • Խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար ռեժիմով,
  • Ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն մինչև երեկոյան ժամը 22:00-ը: