Իլիա II-ը նամակով դիմել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը նամակով դիմել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսին և խնդրել է նպաստել ուկրաինական եկեղեցում լարվածության թուլացմանը։

Խոսքն այն որոշման մասին է, որով առգրավվել են Մոսկվայի պատրիարքության ենթակայությամբ գործող մետրոպոլիտ Օնոփրեի Կիև-Պեչորի Լավրան և այլ վանքերը։ Նամակում պատրիարքն իր սրտի ցավն է արտահայտում ռուս-ուկրաինական պատերազմի և «Ուկրաինայի ուղղափառ եկեղեցում առկա իրավիճակի» պատճառով։

Պատրարքը նշել է՝ չափազանց կարևոր է այն փաստը, որ երանելի Օնոփրեն սինոդալ որոշմամբ անջատվել է Ռուսական եկեղեցուց և ինչ-որ քայլեր ձեռնարկել բանակցությունների համար։ Ըստ նրա՝ կարևոր է նաև, որ այս կամ այն ​​եկեղեցական հարցում այս եկեղեցու հավատարմությունը պայմանավորված է դարերով ճանաչված հոգևոր ապրելակերպի պահպանմամբ, և պարտադիր չէ, որ նշանակի անվերապահ հնազանդություն մեկ այլ եկեղեցու։

Պատրիարքի խոսքով, մետրոպոլիտ Օնոփրեն այսօրվա դրությամբ զրկվել է Կիև-Պեչորի Լավրայից, խնդիրներ կան նրա ենթակայության տակ գտնվող այլ եկեղեցի-վանքերի հետ, և փաստ է, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին հայտնվել է շատ ծանր վիճակում։

«Առաջին հերթին ցանկանում ենք ևս մեկ անգամ հայտնել մեր մեծ ցավը Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի պատճառով, որը հայրենիքը պաշտպանող զինվորների և հազարավոր անմեղ մարդկանց կյանք է խլում։ Մենք անցել ենք այդ գործընթացների միջով և լիովին հասկանում ենք իրավիճակի լրջությունը։ Վերոնշյալի հետ մեկտեղ, մենք ցավում ենք Ուկրաինայի ուղղափառ եկեղեցում առկա իրավիճակի համար։

Մեզ պարզ է նաև, որ իրենց հետ պատերազմող Ուկրաինայի իշխանությունն ունի իր դիրքորոշումը և հաշվի չի առնում կրոնական նրբությունները։ Ահա թե ինչու եմ դիմում Ձեզ, Վեհափառ Տեր:

Ինչպես հայտնի է, ուկրաինական ուղղափառ եկեղեցու քահանաների, հոգևորականների և ծխականների մեծ մասն այս պատերազմում հավատարմություն դրսևորեց իր երկրին, իսկ Ուկրաինայի ուժը որոշվեց նրանց միասնությամբ։ Իհարկե, կլինեին այլ դիրքորոշում ունեցողներ, ինչը չի փոխում ընդհանուր պատկերը։

Վեհափառ Տեր, բոլորը հիշում են խաղաղության առաքելության հետ կապված Ձեր կատարած բազմաթիվ քայլերը, և այդ պատճառով կարծում ենք, որ միգուցե Դուք կարող եք նպաստել լարվածության թուլացմանը, ինչը, մեր կարծիքով, նշանակում է առաջին փուլում խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծել, իսկ հետո՝ խաղաղ քայլ դեպի փոխադարձ մերձեցում»,- նշված է նամակում:

Ի դեպ, Ուկրաինայի իշխանությունների որոշմամբ, մետրոպոլիտ Օնոփրեն և այլ հոգևորականներ պետք է լքեն Կիև-Պեչորի Լավրայի տարածքն ու շենքը մինչև 2023 թվականի մարտի 29-ը։

Մոսկվայի պատրիարքարանի ուկրաինական ուղղափառ եկեղեցին, որը ռուս ուղղափառ եկեղեցու մաս է կազմում և գլխավորում է Օնոփրեն, «լիակատար անկախություն» է հայտարարել 2022 թվականին։ Որոշումը հրապարակվել է եկեղեցու կայքում 2022 թվականի մայիսի 27-ին։ Մետրոպոլիտ Օնոփրեն 2013 թվականին անձամբ պարգևատրվել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: