Իմ երազանքն է, որ հայկական դպրոցի շրջանավարտը վրացերենի խնդիր չունենա. Վան Բայբուրթ

Սեպտեմբերի 16-ին Վրաստանի թվով 124 հայկական դպրոցներում հնչեց առաջին զանգը: Որոշ դպրոցներում, սակայն, առաջին դասարան չի բացվել: Բացասական միտում նկատվում է նաև Թբիլիսիում, այստեղ փակվելու եզրին է Գլդանի թաղամասում գտնվող թիվ 132 հանրային դպրոցի հայկական բաժինը, որտեղ այսօր գործում է ընդամենը մեկ դասարան:

«Վրաստան» թերթի խմբագիր, քաղաքական-հասարակական գործիչ, Վրաստանի նախագահի նախկին խորհրդական, նախկին պատգամավոր Վան Բայբուրթի հետ քննարկել ենք Վրաստանում հայկական դպրոցների ներկայիս վիճակը, դրանք պահպանելու հեռանկարներն ու դպրոցների գլխավոր հիմնախնդիրների լուծման ճանապարհները:

Բայբուրթի խոսքով, աշակերտների թվի նվազումը կախված է ծնողների կայացրած որոշումից՝ երեխային տանել ռուսական կամ վրացական դպրոց.

«Ծնողներին, սակայն, չենք կարող մեղադրել, որովհետև ամեն ծնող երեխայի լավագույն ապագայի մասին է մտածում, իսկ երեխան պետք է լինի լիարժեք քաղաքացի այն երկրում, որտեղ նա ապրում է»։

Բայբուրթի խոսքով, որպեսզի հայկական դպրոցները չփակվեն, ինչին Վրաստանը ընդառաջում է, կարևոր է՝ պահպանել հայկական շունչը, իմանալ մեր պատմությունը, մնայուն արժեքները, որոնցով երեխան հայ է մնում: Առանց դրա դժվար է դառնալ և՛ այս երկրի լիարժեք քաղաքացի, և՛ պատմական հայրենիքի մաս: Չիմանալով մեր մայրենին, ձուլվելու առաջին թեկնածուն ենք, պետք է նաև նկատել, որ չկան երկրներ, ուր պետական դպրոցի շրջանավարտը չտիրապետի պետական լեզվին:

Բայբուրթի առաջարկած լուծումն այս է՝ առարկաների մեծ մասը պետք է դասավանդվի հայերենով և վրացերենով, ինչի հետ մեկտեղ դպրոցների շրջանավարտները պետք է անթերի տիրապետեն նաև անգլերենին ու ռուսերենին.

«Իմ մոտեցումը սա է՝ լավ կլինի, որ երեխան գնա հայկական դպրոց, բայց այդ հայկական դպրոցում, որը գործում է Վրաստանի տարածքում, առարկաների մեծ մասը դասավանդվի հայերեն ու վրացերեն, 10 տոկոսը անգլերեն, 10-ը՝ ռուսերեն:

Իմ երազանքն է, որ շրջաններում և Թբիլիսիում հայկական դպրոցի շրջանավարտը, վրացերենի խնդիր ընդհանրապես չունենա,12 տարի խորացված ուսումնասիրի նաև հայերեն, եթե սա չանենք, հայկական դպրոցների գոյությունը վտանգի տակ է դրվում»,- ասում է Վան Բայբուրթը՝ մեջբերելով նաև այլընտրանքային տարբերակը՝ Բաթումիի թիվ 4 հանրային դպրոցի օրինակով, որտեղ հայ ծնողները դիմել են խնդրանքով՝ վրացական դպրոցում հայ-վրացական դասարան բացել:

«Բաթումիում կար հայկական դպրոց մինչև 95-97 թվականները, որտեղ սովորում էր մինչև 300 երեխա: Դպրոցը փակվեց, քանի որ չհավաքվեց սկզբում 5-ից, այնուհետև նույնիսկ 2-ից ավելի աշակերտ։ Այս անգամ գնացինք այլ տարբերակով, այն պայմանով, որ 1-12-րդ դասարաններում ամեն օր երեխան սովորում է հայոց լեզու, գրականություն ու այս ամենը վրացական դպրոցում: Դիմել եմ Վրաստանի իշխանություններին, վարչապետի մակարդակով այդ հարցը լուծվել է»:

Այսօր հայ-վրացական դասարանի աշակերտներն արդեն 2-րդ դասարան են տեղափոխվել: Բայբուրթն ասում է՝ դասարանի մեծ մասը հայ է, իսկ վրացի երեխաների ծնողները նույնպես հետաքրքրված են հայերենի դասաժամերով և ցանկություն ունեն, որ իրենց երեխաները ևս հաճախեն այդ դասերին: ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հետ պայմանավորվածություն կա, որ աշակերտները 3-րդ դասարանից խորացված կերպով կուսումնասիրեն նաև ռուսերենը: