Իմ գյուղը. Մեծ Գոնդուրա

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:

 29341205_2016830245249916_1650596946_nՀեղինակ՝ Արևիկ Միքաելյան

Երկրագնդի մի փոքրիկ անկյունում կա հրաշալի մի աշխարհ, որը Ջավախք են անվանում: Այն Վրաստանի փոքրիկ հարստությունն է՝ բնակեցված հայերով, իսկ մեզ հայերիս համար, այն մի փոքրիկ Հայաստան է: Ջավախքը կարծես մի փոքրիկ երկիր լինի այս հսկա երկրի՝ Վրաստանի մեջ՝ իր գյուղերով ու համայնքներով: Դրանցից մեկի մասին կուզեի խոսել, սկսելով նրա հրաշակերտ բնապատկերներից, զարգացած ոլորտներից մինչև մեր սրբատեղիները: Այդ գյուղը Մեծ Գոնդուրան է: Իր անվան նման մեծահոգի և բարեխիղճ բնակիչներով: Նրբանկատորեն շրջանցեմ բնակիչներին և անցնեմ բնությանն, որը կարծես շունչ է մեզ  տալիս, հոգի ու ստիպում է ժպտալ, հպարտանալ այդ գեղեցկությամբ:

Որքան էլ նկարագրեմ պետք է տեսնել այն, պետք է վայելել թռչնակների անուշահունչ երգը: Մի կողմից անմատչելի սարերով, իսկ մյուս երեք կողմից իր եղբայր գյուղերով շրջապատված: Ինչպես բնակիչներն են անվանում Մալականի սարի ստորոտին՝ տափարակում, իշխանավայել թիկնապահներով շրջապատված՝ ծվարել է Մեծ Գոնդուրան:

Ըստ պատմաբանների՝ գոնդուրա նշանակում է կանեփի դաշտ, ոմանք էլ ասում են՝ գոնդոլ կոշիկ: Մեծ Գոնդուրայի ներկայիս բնակիչները եկել են էրզրումի նահանգի՝ Թարգունի, Չփոթ, Ապահնդի և Նորաշեն գյուղերից 1830 թվականին: Գյուղը հիմնադրվել է հին բնակավայրի տեղում:

Գյուղում կան մի շարք զրույցներ, ինչպես նաև որոշ հուշարձաններ, որոնք ապացուցում են, որ այս գյուղի նախնիները ևս եղել են հայ քրիստոնյաներ, քանի որ այստեղ պահպանվել են քրիստոնեական մասունքներ՝ խաչերի ձևով եկեղեցու հիմք: Մինչ նոր եկեղեցի կարուցելը, 1830-ական թվականներին ունեցել ենք փայտաշեն եկեղեցի, և գյուղը հիմնադրելուց հետո բնակիչները մտորել են եկեղեցի կառուցելու մասին և 1869 թվականին կազմակերպել են Սուրբ Հակոբ եկեղեցու կառուցումը: Այն կառուցվել է հույն վարպետների կողմից, գյուղի ժողովրդի անմիջական աջակցությամբ: Այդ բոլոր միջոցները հայթայթել է գյուղը հավաքական կերպով: Եկեղեցու առաջին քահանան եղել է Տեր Հակոբ Մելիքյանը:

Գյուղում ունեցել ենք ձիթահանք և երկու ջրաղաց: Ունեցել ենք նաև բուժամբուլատորիա, կապի բաժանմունք, գրադարան, հացի փուռ: Գյուղում ունենք մշակույթի տուն, որտեղ անցկացվում են տարբեր միջոցարումներ, ունենք մանկապարտեզ: 1837 թվականից գյուղը ունեցել է չորսամյա դպրոց, միջնակարգ դպրոցը գործել է 1937 թվականին, ուր հաճախել են նաև շրջակա՝ մոտ 12 գյուղերից: Գյուղի այսօրվա դպրոցը գործում է 1989 թվականից և մինչև այժմ ուսանում են բազում աշակերտներ:

Գյուղից Մեծ հայրենական պատերազմին մասնակցել է 220 հոգի, որոնցից 108-ը չեն վերադարձել: Մեծ Գոնդուրացին եղել է ուսումնատենչ: Այստեղից շատ աշակերտներ ստացել են բարձրագույն կրթություն, շատերը Երևանում և Թբիլիսիում: Գոնդուրան շատ նշանավոր մարդկանց է տվել՝ գիտությունների թեկնածուներ, դոկտոր-պրոֆեսորներ, արվեստաբան, նկարիչներ, գինեսի ռեկորդակիր, բժիշկներ, զինվորական գործիչներ՝ գնդապետ, փոխգնդապետ, գեներալ, մարզիկներ, մանկավարժներ, ոստկաններ և այլն: Այսպիսով, բնակավայրս տվել է ոչ միայն գեղատեսիլ բնություն, այլ բազմատաղանդ հայություն… Մեր սերունդը ժառանգել է հպարտության առիթ հանդիսացող ամեն մի դետալ, պատմություն, կառույցներ և պատրաստ է պահպանել ու զարգացնել էլ ավելի սիրով ու ջերմեռանդությամբ:

Ես քոնն եմ Ջավախք, իմ ամեն մի մասնիկով և ամբողջ հոգով…

Թողնել պատասխան