Ինչպես իմանալ` հանդիսանում եք գյուղատնտեսական սուբսիդավորման ծրագրի շահառու, թե՞ ոչ

Վրաստանում մեկնարկել է ֆերմերներին աջակցության ծրագրի փոխհատուցումների փուլը։ Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարության տրամադրած աջակցությունն ուղղված է այն հողագործներին, որոնք՝ ունեն հանրային ռեեստրում գրանցված առնվազն 0․25 և առավելագույնը 1 հեկտար հողատարածք։

Ծրագրից օգտվելու համար ֆերմերները պետք է ստուգեն իրենց հաշվին հավաքագրված միավորները Liberty բանկի պաշտոնական կայքի միջոցով, այնուհետև կապ հաստատեն բանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող գյուղատնտեսական քարտն ակտիվացնելու կամ նոր քարտ ստանալու համար։

Ստուգելու համար հարկավոր է․

  • անցնել հետևյալ հղումով,
  • որոնման դաշտում հավաքել հողատիրոջ անձնական համարը (անձնագրի կամ նույնականացման քարտի)
  • սեղմել որոնել կոճակը,

Եթե էկրանին կհայտնվեն հավաքագրված միավորները, ապա պետք է դիմել բանկին` ստանալու կամ ակտիվացնելու համար ագրոքարտը, եթե գրվում է` հաճախորդը չի գտնվել, ապա քաղաքացու միավորները դեռևս կուտակված չեն։

Նախարարությունից «Ալիք մեդիային» հայտնեցին, որ միավորները կմուտքագրվեն փուլ առ փուլ, քանի որ ծրագրի շահառու է հանդիսանում 300 հազար ֆերմեր, իսկ այս պահի դրությամբ աջակցությունը փոխանցվել է 40 հազար ֆերմերի։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Վրաստանում մեկնարկել է ֆերմերների աջակցության ծրագիրը։ Քաղաքացիները կարող են դիմել Liberty բանկի ցանկացած մասնաճյուղ` քարտ ստանալու համար, որի միջոցով պետությունը մոտակա ժամանականերում կփոխանցի 300 լարիին համարժեք միավորներ։ Այն ֆերմերները կկարողանան օգտագործել գյուղատնտեսական գործունեության նպատակով անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար: