ՀՀ ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը մարտի 28-ին ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

ՏԿԵ նախարարը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր առաքելության ընթացքում։ Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան։

Ի պատասխան` Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, իր հերթին նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները վերջին շրջանում դարձել են ավելի ջերմ ու եղբայրական, և իր աշխատանքի ընթացքում ինքը նույնպես կնպաստի առկա հարաբերությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՏԿԵ նախարարի Վրաստան կատարելիք այցի մանրամասները, տարածաշրջանային, ենթակառուցվածքային և շինարարական խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։