Ինչպես ստուգել միասնական ազգային քննությունների արդյունքները․ ուղեցույց

Այսօրվանից Վրաստանում մեկնարկել է Միասնական ազգային քննությունների արդյունքների հրապարակումը։ Առաջինը հրապարակվել են Վրաց լեզու և Գրականություն և Օսերեն լեզու և Գրականություն առարկաների քննության արդյունքները։ Այս մասին հայտնում է Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնը (NAEC):

Միասնական ազգային քննություններում արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի https://online2.naec.ge/uee-res/ կայք և առաջին դաշտում նշի իր անձնական համարը, իսկ երկրորդ դաշտում հնգանիշ գաղտնաբառը (գաղտնաբառը դիմորդը գրանցման ժամանակ ստացել է հաղորդագրության տեսքով, նաև այն նշված է քննաթերթիկի վրա)։

Մուտք գործելով անձնական էջ՝ դիմորդը հնարավորություն կունենա տեսնելու իր աշխատանքի պատճենը և համապատասխան առարկայից ստացված միավորը։

Միավորը ստուգելու այս տարբերակը չնախընտրելու դեպքում, դիմորդները կարող են պարզել արդյունքները կարճ տեքստային հաղորդագրության միջոցով: Դրա համար դիմորդը բջջային հեռախոսից (Geocell) պետք է ուղարկի իր հնգանիշ գաղտնաբառը 93333 համարին (հաշվից 0,50 լարի սպասարկման վճար կգանձվի այնքան անգամ, որքան բաժանորդը կուղարկի հաղորդագրություն):

Միասնական ազգային քննությունների բոլոր առարկաների արդյունքները, այդ թվում նաև 1+4 ծրագրի համար հանձնվող Ընդհանուր ունակությունների քննության արդյունքները կհրապարակվեն փուլ առ փուլ, հավանաբար, այս շաբաթվա ընթացքում։ Իսկ վերջնական արդյունքները, թե դիմորդը ո՞ր համալսարան է ընդունվել, և ստացել է, թե՞ ոչ դրամաշնորհ, կհրապարակվեն բողոքարկման հայտերը վերանայելուց հետո։