Ինքնաթիռում դիմակ կրելը պարտադիր կդառնա

Վրաստանի օդանավակայանների միավորման տեղեկատվությամբ, օդանավակայանում և ինքնաթիռում պարտադիր կդառնա դիմակ կրելը: Միավորման ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով, այս փուլում երկրի միջազգային և տեղական օդանավակայանները պատրաստվում են հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ ընդունել:

«Թբիլիսիի միջազգային օդանավակայանը փաստացի արդեն պատրաստ է ընդունել ուղևորներին: Ընթանում է Քութայիսիի միջազգային օդանավակայանի և օդանավակայանների միավորման ենթակայության տակ գտնվող տեղական օդանավակայանների` չվերթների համար պատրաստման գործընթացը: Բոլոր օդանավակայաններում այժմ փակցվում են համապատասխան կպչուն պիտակներ՝ պահպանելու քաղաքացիների միջև ֆիզիկական հեռավորությունը»,- հայտարարել է Արչուաձեն:

Վերջինս ավելացրել է, որ ուղևորները պարտավոր կլինեն դիմակներ կրել ոչ միայն օդանավակայաններում, այլև` ինքնաթիռում, իսկ տեղ հասնելուց հետո պետք է պահպանեն տվյալ երկրի կանոնները: