Իրակլի Կոբախիձեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Հանդիպմանը ուշադրություն է դարձվել Վրաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերությանը և տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին:

Ընդգծվել են երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկան և այս համատեքստում տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը: Վրացական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ մոտ ապագայում հյուրընկալելու հանձնաժողովի հաջորդ նիստը:

Երկու երկրների առաջնորդները խոսել են գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական մարտահրավերների մասին և ևս մեկ անգամ ընդգծել խաղաղության կարևորությունը տարածաշրջանի կայուն և անսասան զարգացման համար:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև տարածաշրջանային նշանակության նախագծերի մասին, որոնք Վրաստանն ու Ադրբեջանը համատեղ իրականացնում են, և դրանց դերի մասին կապակցվածության ուժեղացման գործում:

Հանդիպումից հետո երկու երկրների միջև ստորագրվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրերի փաթեթ, որը ներառում է.

  • Վրաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցիկ փոխադրումների հիմնական պայմանների մասին 20-ամյա միջկառավարական համաձայնագիր,
  • Ադրբեջանից գազի առուվաճառքի 2003 թվականին կնքված պայմանագրի երկարաձգում 20 տարով` սոցիալական գազամատակարարման անվտանգության երաշխիքներով:

Փաստաթղթերը Վրաստանից ստորագրել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, իսկ Ադրբեջանից՝ Էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբարովը և Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը:

Ստորագրվել է նաև երկկողմ համակարգող խորհրդի արձանագրություն, համաձայն որի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային հատվածը կհանձնվի վերջնական շահագործման: Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը: Կողմերի միջև ձեռք բերված համաձայնությամբ՝ 6-ամյա դադարից հետո Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը կվերականգնվի մայիսի 26-ից:

Փաստաթղթերի ստորագրման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը»,- ասված է կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: