Վրաստանի կառավարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Իրակլի Կոբախիձեն և Լոուրենս Վոնգը խոսել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների, քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության մասին։
Ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական և ներդրումային կապերի խորացման ներուժին։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Վրաստանում իրականացված բարեփոխումները, տնտեսական աճի դինամիկան և առկա բիզնես միջավայրը։
Զրույցը վերաբերել է նաև Եվրոպայի և Ասիայի կապակցման գործում Վրաստանի դերին, նաև տրանսպորտի և տուրիզմի ոլորտներում համագործակցության հեռանկարներին։
Հանդիպման ավարտին Իրակլի Կոբախիձեն Սինգապուրի վարչապետին հրավիրել է Վրաստան և գրառում կատարել «Իստանա» նստավայրի պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Բացի վարչապետից, Կոբախիձեն հանդիպել է նաև Սինգապուրի նախագահին, ինչից հետո գրառում է կատարել սոցիալական ցանցում։
Ըստ կառավարության ղեկավարի` հանդիպմանը քննարկվել են տնտեսական և ներդրումային կապերի խորացման, ֆինանսական ոլորտում համագործակցության ուժեղացման, տուրիզմի զարգացման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության խորացման հնարավորությունները։
«Պատիվ ունեցա հանդիպելու Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք Վրաստանի և Սինգապուրի միջև առկա երկարամյա բարեկամությունը։ Քննարկեցինք տնտեսական և ներդրումային կապերի խորացման, ֆինանսական ոլորտում համագործակցության ուժեղացման, տուրիզմի զարգացման և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր գործընկերության խորացման հնարավորությունները»,- գրել է վարչապետը։