Վրաստանցի քաղաքագետը վերլուծում է Փաշինյանի հրաժարականը

Վրաստանցի քաղաքագետ Գելա Վասաձեն Հայաստանում զարգացող իրադարձությունների վերաբերյալ իր հերթական ֆեյսբուքյան ուղիղ եթերում վերլուծում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, համեմատում է վրաստանյան՝ վարդերի հեղափոխության հետ:

«Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, խորհրդարանի մեծամասնությունը հեղափոխական չէ, սա օբյեկտիվ իրականություն է»,- ասում է Վասաձեն՝ նշելով, որ Հայաստանի հեղափոխությունն ավարտված չի համարում: Ըստ քաղաքագետի՝ հեղափոխությունն ավարտված կլինի միայն խորհրդարանական ընտրությունների դեպքում:

Խոսելով Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության անդամների մասին, Վասաձեն ասում է. «Կարծում եմ՝ նրանք պիտի մասնակցեն խորհրդարանական ընտրություններին»:

Վասաձեն հիշում է նաև Վրաստանում հետհեղափոխական շրջանը, տեղի ունեցած բոլոր ընթացակարգերը.

«Վերցնենք դասական, հասարակ օրինակ. Վարդերի հեղափոխությունը. նոյեմերի 23-ին հեղափոխությունը կայացավ ընդդիմության՝ խորհրդարան մուտք գործելով, ինչից հետո, նոյեմբերի 24-ին Շևարդնաձեն հրաժարական տվեց: Հունվարի 5-ին Սաակաշվիլին նշանակվեց նախագահ, իսկ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան մարտ ամսին»։

Վասաձեի կարծիքով այդ դեպքում միայն հեղափոխությունն ավարտված է: Ինչ վերաբերում է Հայաստանին՝ այն խորհրդարանական երկիր է, որտեղ էլ օրենսդիր մարմնում փոփոխությունն անհրաժեշտ է «ինքնակամ խորհրդարանը չէր լուծարվի»,- ասում է Վասաձեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց։

Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:

Վասաձեի ուղիղ եթերի ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝

отставка Пашиняна, должны ли республиканцы участвовать в выборах в Армении, почему падает лари, ход президентской кампании в Грузии, скандал с аудиозаписями, новые инициативы националов и инициатива президента

Posted by Gela Vasadze on Tuesday, October 16, 2018