Իշխանությունը Զուրաբիշվիլիին արժանի չի համարում նախագահի պաշտոնին

«Մենք այլևս տիկին Սալոմե Զուրաբիշվիլիին արժանի չենք համարում նախագահի պաշտոնին»,– հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեի պնդմամբ՝ նախագահը «որպես կանոն պետք է հրաժարական տա»: Իշխող կուսակցության նախագահի խոսքով, իրենց նպատակը նախագահի պաշտոնանկությունն է։

«Եթե Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն ներկայացնի խորհրդարանին Սահմանադրության խախտման վերաբերյալ, բոլոր համապատասխան պատգամավորները կաջակցեն նախագահի պաշտոնանկությանը»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ դա իրենց քաղաքական մտադրությունն է:

Ի դեպ, նախագահի պաշտոնանկության առաջարկը որոշվել է սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետ ունի եզրակացությունը ներկայացնելու համար։

Դատարանի դրական եզրակացության դեպքում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չունի։