Իվանիշվիլին բացասական ազդեցությամբ եվրոպացիների վարկանիշում է

Ամերիկյան Politico հրատարակությունը հրապարակել է իր գնահատմամբ Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանց ավանդական վարկանիշը, որը բաղկացած է երեք կատեգորիաներից՝ «անողներ», «երազողներ» և «կործանողներ»։ Առաջին երկուսը գնահատում են դրական ազդեցությունները, իսկ երրորդը՝ հիմնականում բացասական։

Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին «կործանողներ» անվանակարգում ութերորդն է։

Politico-ի վարկանիշում Իվանիշվիլին նշվում է որպես օլիգարխ։ Ըստ հրապարակման՝ չնայած  Իվանիշվիլիի հայտարարությանը, թե հեռացել է քաղաքականությունից, նա հայտնի է նրանով, որ ղեկավարում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա նպատակն է «Վրաստանին Եվրամիության սպասասրահից մղել դեպի Կրեմլի ճիրանները»։

Ամերիկյան հրատարակությունը գրում է, որ Վրաստանը հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, իսկ Մոսկվան վերականգնել է ուղիղ չվերթները։ Politico-ն նաև ընդգծում է, որ Վրաստանի նախագահի նկատմամբ պաշտոնանկության ընթացակարգը սկսվել է ԵՄ մայրաքաղաքներ բարեկամական այցերի պատճառով։ Ամերիկյան հրատարակությունը, հիմնվելով վերլուծաբանների կարծիքների վրա, նշում է, որ Իվանիշվիլին պատասխանատու է Վրաստանը դեպի Ռուսաստանի կողմ շրջելու համար, և որ Թբիլիսին նահանջում է մարդու իրավունքներից, օրենքի գերակայությունից և ժողովրդավարությունից, մինչդեռ Բրյուսելը քննարկում է Վրաստանի՝ ԵՄ անդամակցության դիմումը։ Այնուամենայնիվ, Politico-ն գրում է, որ վրացիների մեծամասնությունը կողմ է ԵՄ անդամակցությանը և արևմտյան կուրսին։