Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տրվեց

Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հանձնարարական տվեց: Համապատասխան հայտարարությունն արել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյնենը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

«Եզրակացությունը Հանձնաժողովի կողմից հանձնարարական է տալիս Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել այն տեսանկյունից, որ պետք է որոշ բարեփոխումներ իրականացվեն»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Եվրոպական խորհուրդը վերջնական որոշումը կընդունի դեկտեմբերին՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկությունից հետո։ Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա:

Ներկայում Վրաստանի՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս, իսկ մի քանի տարի առաջ այն գերազանցում էր 60 տոկոսը։