Մառնեուլիի ամանորյա ծախսերը գերազանցում են 350 հազար լարին

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի քաղաքապետարանը 165 հազար 570 լարիով ավելացրել է Մառնեուլի քաղաքի ամանորյա զարդարանքի համար հայտարարված մրցույթի բյուջեն։

Քաղաքապետարանի նոյեմբերի 7-ին հայտարարված նոր մրցույթի համաձայն, Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին քաղաքի և շրջակայքի զարդարման համար ամանորյա լուսավոր շինությունների և տարբեր սարքավորումների հետ կապված տեղադրման-ապամոնտաժման ծառայությունների ձեռքբերման համար նախատեսվում է ծախսել 350 հազար 070 լարի:

Քաղաքապետարանը Մառնեուլիի ամանորյա զարդարման առաջին մրցույթը հայտարարել էր հոկտեմբերի 23-ին, ըստ որի՝ նախատեսվում էր ծախսել 184 հազար 500 լարի։

Սակայն, առաջին մրցույթը հայտարարելուց մի քանի օր անց՝ քաղաքապետարանը հայտարարեց այն չեղարկելու մասին՝ պատճառաբանելով Ամանորին փողոցների լիարժեք լուսավորության ապահովման մրցութային տեխնիկական հարցերի ճշգրտումը։

Հատկանշական է, որ քաղաքապետարանի հայտարարված նոր մրցույթին մի քանի փողոց է ավելացրել, որոնք կլուսավորվեն Ամանորին։