2023-ին լրագրողների նկատմամբ բռնության 45 դեպք է գրանցվել

Վրաստանում 2023 թվականին լրագրողների նկատմամբ բռնության 45 դեպք է գրանցվել, նշված է «Transparency International Georgia» (TI) հասարակական կազմակերպության զեկույցում:

TI-ի գնահատմամբ՝ 2023 թվականին բացահայտվել է լրագրողների նկատմամբ բռնության երեք հիմնական կատեգորիա, այն է.

  • բացահայտ հարձակումներ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա,
  • ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ սպառնալիքներ և ենթադրյալ ահաբեկման փորձեր,
  • բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն, նրանց ձերբակալություններ և տուգանքներ:

TI-ն գնահատում է, որ 2023 թվականի այս միտումները կշարունակվեն նաև 2024 թվականին: ՀԿ-ն նշել է երեք դեպք՝ կապված բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների ձերբակալությունների և տուգանքների հետ՝ իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս. այդ դեպքերն են.

  • 2023 թվականի մարտի 2-ին «Պուբլիկա»-ի տնօրեն Զուրա Վարդիաշվիլիի ձերբակալությունը՝ ռուսական օրենքի դեմ ցույցի ժամանակ։
  • 2023 թվականի մարտի 2-ին «Տաբուլա»-ի լրագրող Բեքա Ջիքուրաշվիլին ձերբակալութունը՝ ռուսական օրենքի դեմ ցույցի ժամանակ։
  • 2024 թվականի հունվարի 23-ին «Մթիս ամբեբի»-ի խմբագիր Գելա Մթիվլիշվիլիի ձերբակալությունը՝ Թբիլիսիի Կեկելիձեի փողոցում տեղի ունեցած վտարման բողոքի ցույցի ժամանակ։

Ըստ TI-ի՝ երեք ձերբակալություններն էլ ընդհանուր բան ունեն.

  • Ձեբակալության նույն հոդվածը. բոլոր երեք լրագրողները ձերբակալվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի երկու հոդվածները խախտելու մեղադրանքով, որոնք վերաբերում են մանր խուլիգանությանը (հոդված 166) և իրավապահի օրինական պահանջին չենթարկվելը (հոդված 173):

«Լրագրողների մասով այս հոդվածն օգտագործվում է նրանց մասնագիտական ​​գործունեության համատեքստում և խոչընդոտներ է ստեղծում իրադարձությունների լուսաբանման, տեղեկատվության ստացման և փոխանցման գործընթացում»,- գրում է ԹԻ-ն՝ նշելով, որ լրագրողական էթիկայի խարտիայի համաձայն՝ լրագրողներին ձերբակալելու հաստատված պրակտիկան Վրաստանի քրեական օրենսգրքի (հոդված 154) խախտում է և հանցագործություն։

  • Տուգանքի չափը. ըստ ՀԿ-ի, երեք լրագրողներն էլ տուգանվել են 2000-2200 լարիի անհամաչափ տուգանքներով, ինչը խնդիր է, քանի որ «տուգանքի չափը զգալիորեն գերազանցում է լրագրողների ամսական եկամուտը»։

Նաև, ըստ ՀԿ-ի, անհամաչափ ֆինանսական տուգանքները մեծացնում են վախի մթնոլորտը և մեծացնում են ինքնագրաքննության ռիսկերը ճգնաժամերի և ցույցերի լուսաբանման ժամանակ, իսկ լրագրողներին պատժելը «սառեցնող ազդեցություն» է թողնում այլ լրագրողների և լրատվամիջոցների միջավայրի վրա:

  • Քննող դատավոր. բոլոր երեք գործերը Թբիլիսիի քաղաքային դատարանում քննվել են նույն դատավոր Նինո Շչերբակովի կողմից:

«Մեկ դատավորի կողմից գործերի միասնական քննությունը կասկածներ է հարուցում դատարանի անկախության և անաչառության վերաբերյալ»,- գրում է ՀԿ-ն։

ՀԿ-ն նաև նշում է, որ ընտրական տարում քաղաքացիների համար հատկապես կարևոր է տեղեկատվության հասանելիությունը, և այս առումով լրատվամիջոցների դերն անփոխարինելի է։