Մարտի 8. կանանց իրավունքների պաշտպանությունն ու մարտահրավերները

Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, որի առանցքային գաղափարը կանանց իրավունքների պաշտպանությունն է, տղամարդկանց հետ հավասար իրավասությունների ձեռքբերումը։ Տասնամյակներ առաջ այս օրը տոնվում էր որպես հեղափոխական կանանց օր, որոնք պայքարում էին հակառակ սեռի հետ նույն հարթակին կանգնելու համար։

Կանանց իրավունքները ողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերապահվող իրավունքներ ու իրավասություններ են, որոնք հիմք են դարձել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու կենսակերպով, մինչդեռ բազմաթիվ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։

Հիշենք ու հիշեցնենք, որ մարտի 8-ին առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857 թվականի մարտի 8-ին, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, կանայք բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Կես դար անց՝ 1908-ի նույն օրը, Նյու Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909-ին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

Կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը և գենդերային հավասարության հասնելը մեծ մարտահրավեր է ժամանակակից աշխարհում և, հետևաբար, պահանջում է արդյունավետ, արդյունքին միտված և դրական գործողություններ ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից: Նշենք, որ ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության (UN Women) տվյալներով՝ գենդերային անհավասարության մակարդակն աճել է, այդ թվում՝ Վրաստանում, և կանանց իրավունքների պաշտպանության հարցը մնում է դեպի ժողովրդավարական զարգացում ճանապարհին կարևոր խնդիրներից մեկը։

Գենդերային հավասարության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելը գործնականում անհնար է առանց կանանց տնտեսական հզորացման: Այդ իսկ պատճառով պետության հիմնական առաջնահերթություններից մեկը պետք է լինի կանանց հզորացման սկզբունքների ներդրումը, կանանց կենսամակարդակի բարելավումը և կանանց ակտիվացման խթանումը։

72-ամյա Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյան), որ 53 տարի է Վրաստանի Մառնեուլիի մունիցիպալիտետի Դամիա գյուղի դպրոցում «Հայոց լեզու և գրականություն» է դասավանդում, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ ցանկացած կին, եթե նպատակադրված է ինչ-որ բանի հասնելու, կամքի ուժ ունի՝ կարող է հասնել դրան: Ըստ նրա՝ կնոջ և տղամարդու մեջ տարբերություն չկա այս առումով:

Նալբանդյանը 65 տարեկանում սկսել է 0-ից վրացերեն սովորել և այժմ վրացերենին տիրապետում է «Բ1» մակարդակով: Հաջողությամբ ավարտել է նաև վրաց լեզվով ուսուցիչների համար նախատեսված երկարաժամկետ վերապատրաստման (48 ժամ) ծրագիրը, հենց առաջին տարին՝ 2022 թվականի ամռանն առավելագույն 10 կրեդիտ-միավորով անցել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննությունը և ստացել ավագ ուսուցչի կոչում: Նալբանդյանն ասում է՝ յուրաքանչյուր գործում կարևորն աշխատասիրությունն է, տարիքը և սեռը երկրորդական են, եթե կան ձգտում ու ցանկություն:

Ուսուցչուհու խոսքով, կանայք ավելի ուժեղ են. նա կանանց կոչ է անում՝ չթերագնահատել իրենց։

«Կանայք, դուք ձեզ մի՛ թերագնահատեք: Դուք շատ ուժեղ անհատականություններ եք և կարող եք ամեն ինչի հասնել: Միայն այն, որ կինը կարողանում է լույս աշխարհ բերել նոր մարդու և թեկուզ առանց ամուսնու մեծացնել երեխաներին, դաստիարակել և հասցնել իրենց նպատակներին, արդեն իսկ խոսում է նրանց ուժի մասին»,- ասում է Նալբանդյանը:

Ուսուցչուհին, անդրադառնալով պատմական իրողություններին, ասում է՝ ճիշտ է, մարդկության պատմության սկզբում մայրիշխանություն է եղել, կանայք են ղեկավարել ամբողջ համայնքը, տղամարդիկ միայն որսորդությամբ են զբաղվել, աշխատել, սակայն ցավով նկատում է՝ հետագայում կանանց դերը նվազել և վերջին պլան է մղվել.

«Ուրախալի և ողջունելի է, սակայն, որ վերջին տարիներին պայքար է գնում կանանց շահերի, իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Ցավոք, դեռ կան երկրներ, որոնք շարունակում են սահմանափակել կանանց հնարավորությունները»:

Վրաստանում ՄԱԿ-ի կազմակերպությունը, Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը և Վրաստանում տարբեր երկրների դեսպանատները 2023-ի նոյեմբերին համատեղ հայտարարություն էին տարածել և ընդգծել, որ չնայած Վրաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ձեռնարկած «բազմաթիվ լուրջ քայլերին», Վրաստանում կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը մնում է առաջնային և չլուծված խնդիր։

Ուսուցչուհու խոսքով, կնոջ դերը կարևոր է նաև տարբեր ղեկավար պաշտոններում, քանի որ նրանք կարող են ղեկավարել և՛ երկիր, և՛ հիմնարկներ, և՛ ընտանիք: Ըստ նրա՝ ցավալի իրողություն է, որ մեր օրերում, երբ խոսվում է ժողովրդավարության, հավասարության մասին, դեռևս կան դեպքեր, երբ կինն ընտանիքում, աշխատանքի վայրում և այլ տեղերում տարբեր տեսակի բռնությունների է ենթարկվում:

Գենդերային անհավասարությունը հատկապես ակնհայտ է այնպիսի ոլորտներում, ինչպիսին է արդյունահանող արդյունաբերությունը: Արդյունահանող արդյունաբերության սոցիալական, տնտեսական և բնապահպանական ազդեցությունները հաճախ տարբեր կերպ են ազդում տղամարդկանց և կանանց վրա: Կանայք ավելի խոցելի են արդյունահանող արդյունաբերության գործունեության բացասական ազդեցության նկատմամբ և ավելի քիչ ազդեցություն ունեն նշված գործունեության կառավարման վրա: Օրինակ, կանայք հազվադեպ են հրավիրվում համայնքում արդյունահանող արդյունաբերություններից ստացված եկամուտների տնօրինման խորհրդակցությունների: Նրանց նաև նվազ հասանելի են աշխատատեղերը:

Նշենք, որ Նալբանդյանն առաջիններից էր, որ դեռևս 2019 թվականին դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի այն ժամանակվա նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով Վրաստանի հայկական կրթօջախներում դասավանդող «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցիչների համար առարկայական քննություն կազմակերպել:

2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը ենթադրում էր մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնում: Գնահատելով հուշագիրը` Նալբանդյանն ասել էր. «Թող ատեստավորման մեջ 100 հարց չլինի, լինի 200 և ավելին, միայն թե լինի ատեստավորում»։ Ըստ ուսուցչուհու՝ այս դեպքում անգամ աշխատավարձը կարևոր չէ, առաջնայինը հայերենի պահպանման հարցն է։

Ավելի ուշ՝ 2022 թվականի ամռանն առաջին անգամ անցկացվեց «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն: